ՀՀ քաղաքական դաշտում «խաթրի համար» կուսակցություն մտնելը քաղաքական կատեգորիայի մի մաս է. Վ. Բաբայան
Политика«Նորմալ երեւույթ է, երբ մարդիկ դուրս են գալիս կուսակցությունից, մենք դրանում որեւէ արտառոց բան չենք տեսնում»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
ԲՀԿ-ի շարքերը լքած պատգամավորների տարաբնույթ հայտարարությունների եւ տվյալ կուսակցությունից դուրս գալու պատճառաբանությունների մասին Վ. Բաբայանը զերծ մնաց մեկնաբանություններ անելուց. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել նման վերլուծությունները կամ կարծիքները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած բոլոր մարդիկ մեր ընկերներն են ու գործընկերները. այդ թեման փակված է: Ամեն մարդ իրավունք ունի հայտնել իր կարծիքը: Ես` որպես մամուլի խոսնակ, ճիշտ չեմ համարում որակումներ տալ մեր ընկերների կամ գործընկերների այս կամ այն հայտարարությանը»:
Սակայն Ռուստամ Գասպարյանի այն հայտարարության մասին, թե ինքն անդամագրվել է ԲՀԿ զուտ Գագիկ Ծառուկյանի «խաթր», եւ ԲՀԿ նախկին առաջնորդն է պատճառը, որ Գասպարյանն այլեւս ԲՀԿ-ական չէ, խոսնակը նկատեց. «ՀՀ քաղաքական դաշտում «խաթրի համար» կուսակցություն մտնելը քաղաքական կատեգորիայի մի մաս է, որն ուրանալ կամ անտեսել անհնար է, բայց ինչ վերաբերում է մարդկանց հնչեցրած տեսակետներին, ապա ես չեմ ցանկանում դրանք մեկնաբանել: Պետք է նկատել, որ մարդիկ ունեն անձնական հեղինակություն, որն էլ քաղաքական դաշտում բավական մեծ դեր է կատարում»:
Այն հարցադրմանը, թե արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ մարդիկ «Բարգավաճ Հայաստանի» շարքերը համալրեին ոչ թե «խաթրի», այլ գաղափարի համար, Վահան Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, բայց գաղափարականի եւ «խաթրի» հետ կապված կարող եմ ասել, որ իրենց իրավունքն է որոշել, թե ինչի համար են անդամագրվում այս կամ այն կուսակցությանը»:
Սոսե Չանդոյան