«Մտքի գոհարներ»՝ «Հիմնադիր խորհրդարանից» - 2
Аналитика«Հիմնադիր խորհրդարանը» հաղթում է, բայց հաղթում է ոչ թե իր պայքարում, այլ` քաղաքական դաշտում զավեշտի ժանրը զարգացնելու և անհեթեթություններ շաղ տալու հարցում: Եվ այստեղ պետք է արձանագրեմ, որ կասկածելի միջոցներից սնվող այս կառույցը մասնավորապես անհեթեթությունների մասով արդեն ջախջախել է իր բոլոր մրցակիցներին՝ ստվերում թողնելով նույնիսկ ազգիս այնպիսի կարկառուն «փրկիչների», ինչպիսիք են տխրահռչակ Լևոն Զուրաբյանը և այլք, իսկ «մտքի գոհարների» առումով Սեֆիլյանն ու իր զինակիցները վաղուց արդեն մոռացության են մատնել նույնիսկ Գալուստ Սահակյանին:
Անցնեմ նորաթուխ «հեղափոխականների» մտքի հերթական փայլատակմանը. Հավանաբար որևէ տեղ կարդալով Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» մասին և «ռազմահայրենասիրաբար» ոգեշնչվելով՝ հայկական «մայդանի» «հիմնադիրները» որոշել են` մի պայմանագիր էլ իրենք մտածեն, սակայն ի տարբերություն Փաշինյանի պայմանագրի՝ շատ ավելի չմտածված և նույնիսկ՝ անօրինական ձևով: Ա4 ֆորմատի թղթերի վրա շարադրելով ինչ-որ տեքստեր և դա ներկայացնելով որպես «փաստաթուղթ»՝ հայկական «մայդանի» առաջամարտիկները, փաստորեն, իրենց հռչակել են երկրի իշխանություն, այսինքն` այդ թուղթը ստորագրողն այսուհետ իրենց պետք է ճանաչի որպես իշխանություն:
Ամբողջությամբ այդ փաստաթուղթը ներկայացնել չեմ ցանկանում և խորհուրդ էլ չեմ տալիս կարդալ, քանզի չեմ կարող երաշխավորել, որ հետո կարող եմ փոխհատուցել կարդացողի բարոյական վնասը և կորցրած առողջությունը: Բավարարվենք այսքանով՝ իրենց արդեն իշխանություն են հռչակում, որոշում կառավարման կարգ և թե ինչ պաշտոններ պետք է լինեն...
Ես մտածում եմ՝ եթե մարդկանց շեղումն այս տեմպերով գնա, ապա «մայդանչիները» մոտ ապագայում միգուցե հարկային մարմիններ է՞լ ստեղծեն և սկսեն իրենց հետևող քաղաքացիներից «հարկե՞ր» գանձել, թե չէ Արևմուտքից եկող գրանտները միշտ չէ, որ վստահելի են, մի օր էլ կարող է վերջանան: Դե դա ընդամենը ենթադրություն էր, սակայն վարկի տոկոսներ և տուգանքներ չմուծելու մասին «հիմնադիր խորհրդարանի» կողմից կոչեր արդեն հնչել են և հնչում են: Բայց այդ մասին՝ հաջորդ դասին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան