«Մտքի գոհարներ»՝ «Հիմնադիր խորհրդարանից»- 3. «մայդանչիները» ԴԱՀԿ-ում աշխատատեղե՞ր են ստեղծում
АналитикаԻնչպես օրերս պարզվեց, մեր նորաթուխ «հեղափոխականները» ոչ միայն նպատակ ունեն կատարել Էրդողանի ցանկությունը՝ արժեզրկելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ոչ միայն սիրում են աղմուկ հանել, որպեսզի հետո այդ մասին բողոքով դիմեն իրենց արևմտյան տերերին, ոչ միայն ցանկություն ունեն 5 անգամ քչացնել զինվորների քանակը սահմանին և ոչ միայն ինչ-որ հակաօրինական ու հակապետական «փաստաթղթեր» են կազմում, իրենց, փաստորեն, հռչակելով իշխանություն` նաև «անհնազանդ» են: Իսկ այդ «անհնազանդություն» ասվածը, փաստորեն, վարակիչ է և կարող է տարածվել:
«Հիմնադիր խորհրդարանի» դեպքում անհնազանդության վարակը տարածվում է ինչ-որ թռուցիկների միջոցով, որոնք կարդալիս տպավորություն է ստեղծվում, թե տեքստի հեղինակները վերջերս են վերադարձել Տաշքենդից կամ գոնե Հոկտեմբերյանից:
Հիմա համառոտ ներկայացնեմ, թե որն է այդ «անհնազանդություն» ասվածը, ըստ «հայկական մայդանի», առաջամարտիկների: Թռուցիկների հանճարեղ տեքստում ամեն ինչ շատ պարզ բացատրված է՝ պետք է չմուծել վարկերի տոկոսները և ճանապարհային երթևեկության խախտումների համար տուգանքները, միևնույն է՝ իրենք ապրիլի 24-ին հեղափոխություն կսկսեն, կվերցնեն իշխանությունը և հետո այդ պարտքերի հարցը կլուծվի...
Ինձ մոտ անձամբ տպավորություն է ստեղծվել, թե «Հիմնադիր խորհրդարանի» այս «անհնազանդություն» ասվածը հետապնդում է միայն մի նպատակ՝ ստեղծել նոր աշխատատեղեր, ընդ որում՝ ԴԱՀԿ-ում: Բանն այն է, որ նույնիսկ ծիծաղելի է մտածելն այն մասին, որ իրենք կարող է մի օր ոչ թե գան իշխանության, այլ գոնե դրա նվազագույն շանսն ունենան: Եվ ի՞նչ է ստացվում. մարդկանց մի խումբ, միամտաբար հավատալով արկածախնդիրների կոչերին, կատարելու են դրանք, իսկ արդյունքում ԴԱՀԿ-ն արգելանքի տակ կդնի նրանց պատկանող գույքը: Եթե այդ մարդիկ շատ լինեն, հնարավոր է՝ ԴԱՀԿ-ի աշխատողների քանակը չհերիքի և նոր աշխատատեղեր ստեղծելու կարիք լինի: Տեսնում եք չէ՞՝ որքան «հեռատես» է Ժիրայր Սեֆիլյանը:
Ես նաև մտավախություն ունեմ, որ եթե «հայկական մայդանի» առաջամարտիկները շարունակեն այս ոգով, ապա շատ մոտ ապագայում քաղաքացիներին կոչեր կանեն՝ չվճարել նաև կոմունալ վարձերը, ինչպես նաև՝ նստել սրճարանում, օգտվել և դուրս գալ առանց վճարելու: Մի ծիծաղեք, ծիծաղելին արդեն անցած փուլ է. եթե նրանք արդեն քաղաքական դաշտում են և համակիրներ ունեն, ուրեմն այլևս ոչինչ չի կարող ծիծաղելի լինել:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան