Քաղաքական խեղկատակ չեն ծնվում, այդպիսին դառնում են
АналитикаՔաղաքական գործչին ոչ ոք չի կարող խեղկատակի վերածել, եթե ինքն անձամբ չնախաձեռնի նման բան: Ի վերջո, կարելի է անվերջ խոսել պրագմատիզմից ու սառնասրտությունից, սակայն քայլերի արդյունքը կամ ընթացքը լռիվ այլ բան ասի:
Ոչ ոք չէր կարող գողանալ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, եթե նա տեր կանգներ այդ ձայներին: Այնպիսի փայլուն տեխնոլոգիայով, ինչպես պարոն Հովհաննիսյանը կործանեց մոտ կես միլիոն քվեն, կնախանձեր նույնիսկ ամենաբիրտ իշխանավորը: Բայց սա մի կողմ, եթե դու ունես ընտրազանգված, բայց չունես համապատասխան ռազմավարություն ու ծրագիր՝ առաջնորդելու այդ ռեսուրսը (իսկ մարդկայինը քաղաքականության մեջ ամենակարևոր ռեսուրսն է), ապա ինչ իմաստ կա այդ ժողովրդին վճռական պայքարի կոչ անել՝ տանելով արկածախնդրության:
Ավելին՝ վերջերս պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ներում է Սերժ Սարգսյանին՝ իր հաղթանակը գողանալու համար: Դե երևի Սերժ Սարգսյանն էլ հենց այս ներմանն էր սպասում, որը ոսկորի պես մնացել էր նրա կոկորդում ու չէր թողնում արդյունավետ կառավարել երկիրը: Հիմա էլ Ժիրայր Սեֆիլյանն է փորձում, այսպես ասած, գնալ ռադիկալ քայլերի՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ապրիլի 24-ը հայտարարել համազգային ընդվզման օր:
Ավելորդ ենք համարում անդրադառնալ այս նախաձեռնության վտանգավոր հետևանքներին, քանի որ թե' մամուլում, թե' քաղաքական շրջանակներում հանգամանորեն խոսվել է այս ամենի մասին: Սակայն ինչի՞ վրա է հույսը դնում Սեֆիլյանը...
Ոչ իշխանական խորհրդարանական ուժերն արդեն հայտարարել են, որ արտաքին թշնամու ջրաղացին ջուր չլցնելու, Ցեղասպանության թեման մատի փաթաթան չսարքելու համար զերծ են մնում քաղաքական որևէ հրապարակային միջոցառում անցկացնել այդ օրը, հետևաբար «Նախախորհրդարանը» չունի նաև ընդդիմադիր այլ գործընկերների աջակցությունը, ավելին՝ այդ ֆրակցիաները, մեղմ ասած, չեն ողջունել ապրիլքսանչորսյան ընդվզման գաղափարը:
Չկասկածելով Սեֆիլյանի ազնիվ ու հայրենասիրական մղումներին՝ այնուամենայնիվ, սա մի քայլ է, որը հղի է անցանկալի հետևանքների լուրջ վտանգով: Սեֆիլյանը գլխացավանք կարող է դառնալ իշխանության համար, եթե մինչ այդ իշխանությունն իր անձնական հաշիվները չփակի նրա հետ, ինչը ևս հավանական է, քանի որ պարբերաբար տեղի են ունենում հարձակումներ ու ահաբեկումներ «Նախախորհրդարանի» անդամների վրա: Ընդ որում, բավականին տարօրինակ է իշխանությունների պահվածքը, որոնք այս օրերին լծված են Սեֆիլյանի կողմնակիցներին ահաբեկելով, ինչը, կարծում եմ, վերջիններիս ոչ միայն հետ չի պահի, այլև ավելի կմոտիվացնի այս փուլում:
Նարեկ Ադամյան
Orer.am, վերլուծաբան