Սեֆիլյանենք խռովել եւ դուրս են եկել խորհրդատվական քննարկումներից
Политика«ԱԻՄ, «Ժառանգություն», Պահպանողական կուսակցություն, ՀՀՇ ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները փետրվարի սկզբից սկսած մի քանի հանդիպումներ են ունեցել խորհրդատվական կարգով, որին մասնակցել են նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: Պետք է նշեմ, որ խորհրդակցության ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ներկայացրել են ապրիլի 24-ի հետ կապված իրենց մոտեցումները, բայց ներկաների մեծամասնությունը դրանք չի ընկալել եւ չի ընդունել: Իրենց առաջարկներին դեմ լինելուց հետո, առաջարկով հանդես եկած ուժը հայտարարեց, որ իրենք դուրս են գալիս խորհրդատվական քննարկումներից` իրենց առաջարկները չընդունելու պատճառով»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նաեւ հավելեց. «Նկատենք, որ այն ինչ ասվում է նրանց թիմի կողմից մեծ հաշվով ընդունելի է, սակայն այստեղ կա մեկ վիճելի հարց` ապրիլի 24-ը»:
Մակեյանը համեմատական զուգահեռներ անցկացրեց «Հիմնադիր խորհրդարանի» եւ ներկայիս վարչախմբի վարած քաղաքականության միջեւ եւ նշեց. «Մարդկանց կարծիքները տարբեր են, օրինակ` վարչախումբն ավելի վատ քայլեր է կատարում` «սպիտակ գենոցիդ», բայց միեւնույն է, ապրիլի 24-ի կապակցությամբ մենք ունենք վերապահում»:
Այն հարցին` ի՞նչ արդյունք կգրանցեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները վերջում, Պ. Մակեյանը նկատեց. «Եթե խոսենք արդյունքների մասին, ապա այն ինչ տեղի ունեցավ Բերձորում ու Գյումրիում պարզապես սարսափելի է. մենք, իհարկե, հասկանում ենք, որ արդյունքները լավ բանի չեն հանգեցնում: Գյումրիի դեպքը ոչ թե այդ խուժանն էր կատարում, այլ իշխանությունը` խուժանի ձեռքով: Նրանք գործում են նույն սցենարով` օգտագործում են խուժանին, որը դատապարտելի է: Այս ամենը բումերանգի էֆեկտով հետ է գալու` խփելով իշխանություններին: Այդ մարդիկ շակալների նման են, նրանց մինչեւ «ֆաս» չեն ասում տեղից չեն շարժվում. հենց նրանք են այսօր իշխանությունների գործիքը»:
Իսկ թե արդյո՞ք հանրությունը կհետեւի Սեֆիլյանի եւ նրա թիմակիցների պրովոկացիոն գործողություններին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Սեֆիլյանենց խումբը պրովոկացիա է անում, պարզապես նրանք համոզված են, որ իրենց արածը ճիշտ է, դա իրենց համոզմունքն է: Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները ժողովրդին հասցրել են մի հանգրվանի, որ դանակը ոսկորին է հասել, եւ չի բացառվում, որ նրանք կգնան Սեֆիլյանենց ծրագրերի հետեւից»:
Սոսե Չանդոյան