100-ամյակը առանց Շալանդի կամ աղվեսի դունչը չհասավ խաղողին,ասաց խակ է
АналитикаԳոյություն ունի հայտնի ասացվածք. աղվեսի դունչը խաղողին չհասավ,ասաց խակ է: Հավատցեք սա այդ դեպքը չէ. համենայն դեպս հիմա, երբ մեր հավաքականը մեզ արդեն «վատ» է սովորեցրել իր հաղթանակներով, նույնիսկ կասեի ծանրակշիռ հաղթանակներով:
Ուրեմն, որտե՞ղ է թաղված շան գլուխը, ի՞նչն է խնդիրը: Այս հարցը հնչեցնելիս կհանդիպեք տարբեր պատասխանների թե աշխատանքային կոլեկտիվում, թե համացանցում, թե այլ ցանկացած վայրում: Մեկը կասի, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է մեղավոր, մյուսը՝ գլխավոր մարզչին կմեղադրի, երրորդն էլ՝ ֆուտբոլիստներին:
Նախօրեի հանդիպման վերաբերյալ եկեք փաստենք մի կարևոր բան. չգիտեմ որքանով կապ ուներ այստեղ Ռուբեն Հայրապետյանը, բայց ոչ ֆուտբոլիստների խաղում նվիրվածություն կար(բացառությամբ մի քանիսի), ոչ էլ մարզչի գործողություններում (Շալանդի դեպքում թերևս ընդհարապես գործողություն չկար): Այսօր եկեք չառանձնացնենք՝ ով լավ դրսևորեց իրեն, ով թերացավ: Ուստի ոչինչ վերլուծելու կարիք էլ չկա: Ի՞նչ է նշանակում օդ ու ջրի պես միավորների կարիք ունենալ և այդպիսի անատամ խաղ ցուցադրել այն դեպքում, երբ հաջողույթյունը երկար սպասեցնել չէր տվել. մենք հաշվի մեջ առաջ էինք հանդիպման արդեն 4-րդ րոպեից:
Փաստը մնում է փաստ,որ մենք արժանիորեն զբաղեցնում ենք I խմբի վերջին հորիզոնական և հիմնական փուլ դուրս գալու շատ աղոտ հնարավորություններ ունենք, չունենք մարզիչ (Շալանդը արդեն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից): Ինչ վերաբերում է Շալանդին, ապա վիճակագրությունը իրոք նրա օգտին չի խոսում: Միգուցե լավ մարզիչ էր և լավ հոգեբան,սակայն վատ ստրատեգ էր: Շալանդը գլխավորեց Հայաստանի հավաքականը մոտ մեկ տարի առաջ: Այդ ընթացքում մեր հավաքականը անցկացրեց 9 հանդիպում, որոնցից հաղթեց 1-ում, 1 հանդիպում ավարտվեց ոչ-ոքի, ու կրեց 7 պարտություն: Պաշտոնական 4 խաղերից 3-ում մեր թիմը պարտվեց, 1-ն էլ ավարտվեց ոչ-ոքի:
Ամեն դեպքում, հուսանք, որ հավաքականի հետ կապված բոլոր անձինք ՝ սկսած Ռուբեն Հայրապետյանից մինչև պահեստայինների նստարանի վերջին ֆուտբոլիստը, ավելի լուրջ կվերաբերվեն իրենց գործին. այն է ուրախացնել հայ երկրպագուների ոչ միայն արդյունավետ,նաև գեղեցիկ ֆուտբոլով:
Աշոտ Մնացականյան