Որոշ քրեական եւ հանցագործ տարրեր քաղաքականությունն են դարձնում իրենց հենակետը. Լեռնիկ Ալեքսանյան
Политика«Հիմնադիր խորհրդարանի» անդամներն օրեր առաջ Գյումրիում էին, որպեսզի կյանքի կոչեին իրենց բաղձալի երազանքները` բարձրաձայնել հակաիշխանական ծրագրերի մասին եւ անհնազանդության կոչեր անել: Համարել այս ամենը բարեկեցության ձգտո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական պատվեր` դժվար է ասել:
Հենց այս հարցերի շուրջ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ. «Ես կարծում եմ, որ լինի դա Սեֆիլյանը կամ այն ուժն ու այն մարդը, ով շահագրգռված է մեր երկրի բարեկեցության համար, միեւնույն է, չպետք է նման կոչերով հանդես գա: Անհնազանդության, հեղափոխության կոչերը ե'ւ այսօր, ե'ւ ընդհանրապես բացասական են անդրադառնում բնակչության տրամադրության եւ քաղաքականության վրա: Սեֆիլյանի անձը ես հարգում եմ, սակայն չեմ բացառում այն, որ նա կարող է ընկնել ինչ-որ ուժերի ազդեցության տակ. նորից կասեմ` ո'չ բացառում եմ, ո'չ էլ հաստատում, որովհետեւ խորը հիմքեր են պետք, որպեսզի ասես` Սեֆիլյանը պատվեր է կատարում»:
Այն հարցին, թե ինչի՞ կհասնեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, եւ արդյո՞ք իշխանություններից հիասթափված հանրությունը կհետեւի նրանց, Ալեքսանյանը պատասխանեց. «Նրանց այս քայլերը ոչնչի չեն հանգեցնի, քանի որ մեր ժողովուրդը շատ ավելի իմաստուն է, քան շատ քաղաքական գործիչներ: Այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, սահմանային նման լարվածության դեպքում, քաղաքական իշխանափոխության` առանց ծրագիր կոչերը ես համարում եմ սխալ: Ես, իհարկե, չգիտեմ, թե որտեղ են դրա արմատները թաղված, բայց այն ինչ այսօր իրականացվում է Սեֆիլյանի կողմից, մի մարդու կողմից, ում անձը ես միշտ ընդունել եմ, բացասական եմ համարում: Դա վերաբերում է ոչ միայն Սեֆիլյանին, այլ բոլոր այն ուժերին, որոնք այսօր իշխանափոխության եւ անհնազանդության կոչեր են անում: Կրկնում եմ` ես գտնում եմ, որ այսօր դրա ժամանակը չէ»:
Իսկ Գյումրիում տեղի ունեցածի հետ կապված էլ պատգամավորը նշեց. «Դանակահարությունների մասին կասեմ` կյանքը ցույց է տալիս, որ որոշ քրեական ու հանցագործ տարրեր քաղաքականությունն են դարձնում իրենց հենակետը, նրանք հանգրվանում են այդ դաշտում, որպեսզի արդարացնեն իրենց: Եթե անգամ այդ մարդկանց կոչերը հայերնասիրական են, ապա կարող եմ ասել, որ դրանք այս պահի դրությամբ սխալ նկրտումներ են. «Հիմնադիր խորհրդարանի» երկրորդ սխալն էլ կայանում է նրանում, որ նրանք անհնազադության կոչեր են անում»:
Սոսե Չանդոյան