IDeA-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱԺ-ում բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսը
КультураՀայաստանի Ազգային ժողովում մարտի 31-ին բացվել է «Մեծ Հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային ժողովի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից: Բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը, պատգամավորներ, հրավիրյալներ:
Ինչպես տեղեկացնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) հանրային կապերի բաժնից, ցուցադրված կտավներն ընտրվել են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia whit Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուից: IDeA հիմնադրամը նպատակ ունի տարբեր ցուցադրությունների միջոցով Հայաստանի հանրությանը ներկայացնել հավաքածուն:«Մեծ Հաղթանակի ուղիներով» ցուցահանդեսի համար հավաքածուից ընտրվել է հայ և ռուս 11 հեղինակի 15 կտավ, որոնցում ներկայացված է պատերազմի, հաղթանակի և խաղաղության թեմատիկան:«Ցուցահանդեսը նվիրված է հաղթանակի 70-ամյակին, սակայն այն ավելին է, քան պարզապես ցուցահանդեսը: Հաղթանակի 70-ամյակին նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն իր մեջ նաև կանխարգելիչ ուղերձ ունի:
Այս ստեղծագործությունները պատերազմի տարեգրությունն են, հերոսության, հայրենասիրության, նվիրումի տարեգրություն, միաժամանակ ձոն՝ խաղաղությանը: Ցուցահանդեսի կազմակերպման հարցում համագործակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամին և բարերարներին, ովքեր իրենց անձնական հավաք ածուներից տրամադրել են այս կտավները»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն իր խոսքում նկատել է, որ արվեստը հաճախ օգնում է ավելի լավ հասկանալ անցյալի իրադարձությունները: «Հաճախ նկարչի վրձինն ավելի պերճախոս է, քան ցանկացած խոսք, և կտավների միջոցով ավելի լավ ենք հասկանում այդ ժամանակաշրջանում մարդկանց զգացմունքները, զգացողություններն ու ապրումները: Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս հրաշալի ցուցադրության համար, և կցանկանայի Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,- նշել է Սերգեյ Նարիշկինը:
IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի խոսքով, հիմնադրամը նախաձեռնել է հայ և ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցադրությունը, ինչը հնարավորություն կտա վերհիշել մեր ժողովուրդների ընդհանուր անցյալի դժվարին, բայց հաղթական էջերը: «Հիմնադրամը մտադիր է բարերարների հավաքածուն ներկայացնել հանրությանը՝ տարբեր ցուցադրությունների, այդ թվում՝ մարզերում կազմակերպվելիք ցուցահանդեսների միջոցով: Սա հավաքածուի մասը կազմող կտավների առաջին ցուցադրություն է և, կարծում ենք, հետաքրքիր կլինի ծանոթանալ խորհրդային արվեստի այս բավակա նին հետաքրքիր շրջանի գործերին:
IDeA հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բարերարներ Ռուբեն Վարդանյանին, Վլադիմիր Ավետիսյանին և Վլադիմիր Նեկրասովին՝ այս գեղեցիկ նախաձեռնության իրագործման համար»,-նշել է Արմեն Գևորգյանը:Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի կողմից «То Armenia with Arts» հիմնադրամին նվիրաբերված գեղանկարների հավաքածուն 100 կտավ է ներառում: Գործերի հեղինակները խորհրդային շրջանի շուրջ երեք տասնյակ գեղանկարիչներ են, այդ թվում՝ սոցռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում: Հավաքածուի մեջ ընդգրկված են նաև տարբեր ժանրեր ներկայացնող աշխատանքներ: