Ուկրաինայի թվացյալ խաղաղությունը
АналитикаՆախորդ ամիս կայացավ «Նորմանդական ձևաչափով» քառակողմ՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը: Երկարատև բանակցությունների արդյունքում հաջողվեց համաձայնություն ձեռք բերել փետրվարի 15-ի գիշերը` 00:00 ժամից սկսած զինադադար հաստատելու վերաբերյալ: Հաջորդ էական ձեռքբերումն Ուկրաինական զորքերը և ծանր սպառազինությունները անցած տարվա սեպտեմբերի 19-ին հաստատված շփման գծից դուրս բերումն էր, ինչպես նաև գերիների փոխանակման համաձայնությունը՝ բոլորը-բոլորի դիմաց:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չմասնակցեց բանակցություններին: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ վերջինս ողջունում է ձեռք բերված համաձայնությունը՝ համարելով այն շոշափելի քայլ՝ հրադադրի հաստատման, ինչպես նաև Մինսկի սեպտեմբերյան համաձայանգրի իրականացման հարցում (http://www.state.gov/secretary/remarks/2015/02/237439.htm): Սակայն ԱՄՆ-ի տեսակետը միանշանակ չէր, և միջազգային մամուլում շատ էր արծարծվում այն հարցը, թե ինչու ԱՄՆ-ն ևս որպես միջնորդ հանդես չեկավ բանակցություններում:
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է սեպ խրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Թվում էր, թե իրավիճակը փոքրիշատե կայունացել է , սակայն օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել սկսել Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումները: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինային մահաբեր սպառազինություն հատկացնելը հնարավորություն կտա Ուկրաինային՝ մեծացնել իր ինքնիշխանության պաշպանական կարողությունները:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների նմանօրինակ կոչից օրեր առաջ Գերմանիայի ԱԳՆ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ Ուկրաինական հակամարտության մեջ ցանկացած այլօրինակ մոտեցում (բացի նորմանդական ձևաչափից) կարող է հանգեցնել զոհերի թվի աճի, ընդլայնել հակամարտության գոտին, և խթանել հակամարտության էսկալացիոն դինամիկան՝ հասցնելով այն մի կետի, որտեղից հետդարձի ուղի չի լինի (http://sputniknews.com/politics/20150312/1019421294.html#ixzz3Vr3o1OBd):.
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ա. Պուշկովը կոնգրեսականների՝ ԱՄՆ նախագահ Բ. Օբամային Ուկրաինա մահաբեր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ կոչը որակել է ագրեսիվ ու անպատասխանատու: Պուշկովը հայտնել է, որ Օբաման իրատեսություն ցուցաբերելու պարագայում կհասկանա, որ նման որոշումը սադրանք է ՌԴ նկատմամբ, միջուկային պետության նկատմաբ, որը կհանգեցնի հակամարտության էսկալացիայի: http://tass.ru/politika/1850143
Հետաքրքաշարժ է նաև այն հանգամանքը, որ նույնիսկ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախագահ Ի. Պլոտնիցկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բ. Օբամային չհետևել կոնգրեսականների կոչին՝ Ուկրաինա զենք մատակարերելու վերաբերյալ: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/1850494 Սա կարծես թե ազդակ է հակամարտության նոր թափ ստանալու մասին, որից խուսափել են փորձում նաև հակամարտության անմիջական կողմերից մեկը:
Թերևս պատասխանատվությունը ներկա պահին ընկած է ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի ուսերին ու նրա որոշումից է կախված հակամարտության հետագա թեժացման հնարավորությունը, քանի որ չափազանց տրամաբանական է, որ ԱՄՆ նախագահի կողմից բանաձևի հաստատման պարագայում ՌԴ ևս կվերազինի զինյալներին ու թվացյալ խաղաղությունը հօդս կցնդի:
Անդրանիկ Բարսեղյան