Ֆիլհարմոնիկ նվագախումբը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո համերգներով հանդես կգա Սկանդինավիայի երեք երկրներում
КультураՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո, ապրիլի 10-15-ը հյուրախաղերով հանդես կգա սկանդինավյան երեք երկրներում: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Ելույթ կունենանք Ֆինլանդիայի Տամպերեի համերգասրահում, Կոպենհագենում` Դանիայի Ռադիոյի համերգասրահում, Օլբորգի «Մյուզիքենս հաուս»-ում, ինչպես նաև Օսլոյի Մայր տաճարում», - տեղեկացրեց Էդուարդ Թոփչյանը:
Որպես մենակատարներ հանդես կգան անվանի ջութակահարներ Իզաբել Ֆաուստը և Հենինգ Քրագերուդը, դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ովքեր կկատարեն Բեթհովենի, Գրիգի, Չայկովսկու, Շիմանովսկու և Խաչատրյանի ստեղծագործություններից: