Վահե Էնֆիաջյանը Կիպրոսի խորհրդարանի որոշումը դիվանագիտական հաղթանակ է համարում
БлогԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը դիվանագիտական մեծ հաղթանակ է համարում: Պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում ընդգծել է, որ Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ընդգծում է երկու պետությունների և ժողովուրդներ ի դարավոր կապն ու բարեկամությունը:
«Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սա դիվանագիտական մեծ և կարևոր հաղթանակ էր: Ակնառու է հատկապես այն, որ օրինագիծն ընդունվել է միաձայն: Ողջունում եմ Կիպրոսի այս անկողմնակալ և արդարացի որոշումը: Կիպրոսի այս քայլն ընդգծում է երկու պետությունների և մեր ժողովուրդների դարավոր կապն ու բարեկամությունը: Կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում սա նշանակալի հանգամանք է և նպաստելու է, որ տարբեր հարթակներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի և զարգանա»,- գրել է պատգամավորը:
Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում Ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10 հազար եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: