«Կյանք ու կռիվ» ֆիլմի հաղթարշավի ու ապագա պլանների մասին
ИнтервьюՍեպտեմբերի 21-ից մեծ էկրան բարձրացավ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմի մուտքը մեր կյանք, անկեղծ ասած, ավելի շռնդալից ստացվեց, քան կարելի էր ակնկալել: Իսկ կարճ ժամանակ անց այն դարձավ սոցիալական ցանցերում և հասարակական այլ հարթակներում քննարկվող թիվ մեկ իրադարձությունը: Ֆիլմը հաջողված էր, քանի որ այն ոչ թե մեկ մարդու կամ մեկ խմբի մասին էր, այլ մի ողջ ժողովրդի, ով իր մաշկի վրա էր զգացել թե՛ 90-ականների Հայաստանի անկախացման բերկրանքը, թե՛ արցախյան պատերազմի արհավիրքը:
Կարելի է ասել, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը շատերիս կյանքի կռիվն է, որի համար բոլորն իրենց բաժին կյանքից իրենց չափով «վճարեցին» ողջ մնալու համար: Գուցե դա է պատճառը, որ յուրաքանչյուրը ֆիլմում ոչ միայն իր բաժին ճշմարտությունն է փնտրում, այլ իր ապրած կյանքի դրամատիկ պահերի արտապատկերը:
Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած պրոդյուսեր, երբ սկսում է որևէ ֆիլմի վրա աշխատել, երազում է, որ ֆիլմը նման բուռն արձագանքի արժանանա, բայց այլ բան է ցանկանալը և մեկ այլ բան՝ դա կստացվի՞, թե՞ ոչ:
«Այս անգամ ստացվել է: Իսկ ֆիլմը ստացվելու պատճառները շատ տարբեր կարող են լինել: Իմ կարծիքով՝ նման հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ֆիլմը մեր և այն բոլոր մարդկանց մասին է, ովքեր անցել են այդ դժվարությունների միջով: Եվ քանի որ ֆիլմը նաև շատ ազնիվ է ստացվել, որովհետև այնտեղ ոչ մի սուտ ու կեղծիք չկա, այդ իսկ պատճառով նման հաջողություն ունեցավ: Դրան նպաստել է նաև ռեժիսորի աշխատանքը, որը կարողացել է դերասանական խաղից այնպիսի արդյունք ստանալ, որ այդ անկեղծությունը նույնպես երևա ամեն մի կադրում»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ֆիլմի պրոդյուսերի կարծիքով՝ ֆիլմի հիմքում հենց անկեղծությունն արտացոլելն է կարևոր եղել և հավանաբար հենց դա է պատճառը, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն այդքան սիրվեց հանդիսատեսի կողմից:
«Բոլորը սկսում են վերապրել այն, ինչի միջով այսքան տարիների ընթացքում անցել են: Քանի որ այդ ապրումները հոգեհարազատ են յուրաքանչյուրիս, ինձ թվում է՝ հենց դրա շնորհիվ է, որ ֆիլմն այդքան հոգեհարազատ է հանդիսատեսին»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ի դեպ, մեր օրերում ֆիլմ նկարելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ նման խոշորամասշտաբ նախագիծ իրականացնելու համար մեծ գումար է անհրաժեշտ: Հետաքրքիր էր իմանալ, թե ովքեր են աջակցել և ֆինանսավորել, որպեսզի «Կյանք ու կռիվ» ֆիլմն իրականություն դառնա։
«Պետք է ասեմ, որ ֆիլմի նկարահանմանը մասնակցել է «Շարմ» ընկերությունը, եղել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը, սակայն նախագիծն իրականացնելու համար մեր կողքին են եղել մեր հովանավորներ «Ռոսգոսստրախ», «Վիվարո» և «Գրանդ Քենդի» ընկերությունները: Շատ շնորհակալ ենք նրանցից, քանի որ առանց նման հովանավորների անհնար կլիներ նման նախագիծ իրականացնելը: «Վիվարոյի» օրինակով կարող եմ ասել, որ չնայած այդ կազմակերպությունը զբաղվում է խաղային բիզնեսով և տարբեր կարծիքներ կան նրանց մասին, սակայն ընկերության սեփականատերերն իսկապես մեր երկրի արժանի քաղաքացիներ են, ովքեր կարևորում են ֆիլմարտադրության զարգացումը և աջակցում են նման նախագծերի իրականացմանը»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ նման արդյունքի դժվար կլիներ հասնելը, եթե չլինեին թե՛ ստեղծագործական անձնակազմի անմնացորդ նվիրումը, թե՛ հովանավորների աջակցությունը: Խմբի հաջող աշխատանքից հետո 2016թ. ապրիլյան պատերազմը պատճառ է դարձել նկարահանել նաև ֆիլմի երկրորդ մասը: Ներկայումս արդեն սկսվել են երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Այն վերնագրվել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց»։
«Հուսով ենք և ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆիլմի երկրորդ մասը կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել Հայոց բանակի 25-ամյակին՝ հունվարի 28-ին»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Արմինե Գրիգորյան