Բացահայտվել է Չկալովկայում կատարված անասնագողությունը. գործել են խմբով (տեսանյութ)
ԲլոգԴեկտեմբերի 22-ի առավոտյան Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգեց. գիշերն օգտվելով, անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել:
Օպերատիվ խումբը Չկալովկա մեկնեց: Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու տուժողից հաղորդում վերցնելուց հետո իրավապահները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վաղարշապատի Կարճիկյան փողոցի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանը:
Նույն օրը, ժամը 14-ի սահմաններում, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Սեւանի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Մարտիրոսյանն այդ գիշեր մենակ չի գործել: Գողությանը մասնակցել էր նաեւ Մարիետա անունով մեկն` իր ընկերների հետ: Ավելի ուշ քրեական հետախույզները ճշտեցին կնոջ ինքնությունը` Վաղարշապատի բնակչուհի Մարիետա Խաչատրյանն է:
Դեկտեմբերի 25-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: