Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար. Վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը: Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար: Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը: Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին: Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին: Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին: Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը: Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը: Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար: Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին: Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջ»: Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը», - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին: Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն է»: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ: Ի պատասախն Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրություն»: Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի: 

Загрузка...
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հարգեց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Զապորոժիեի քաղխորհրդի նիստում մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ) ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության հարց է․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանն այցելել է ցեղասպանությունը վերապրած Երևանի բանկիչներին ԱՄՆ նախագահը կրկին խուսափեց օգտագործել Հայոց Ցեղասպանություն եզրույթը Զապորոժիեում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Բրիասկո-Բելեկյանը մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 5-րդ տուրին Հարդն ու ցորենը խառնել են իրար Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Ցեղասպանության սգո միջոցառումն իրականացնել Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը լարված է անցնում (տեսանյութ) Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը բարոյական հարթությունից պետք է տեղափոխել գործնական դաշտ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ Երուսաղեմում Միս չունենամ, կարտոշկա կեփեմ. ինչպես է Սասուն Միքայելյանը նշելու Քաղաքացու օրը Օսիպյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո) Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ
website by Sargssyan