«Իմ քայլը». Կրճատումներն առաջին հերթին կվերաբերեն մարզպետների տեղակալներին եւ նրանց անձնակազմին
ՔաղաքականՄարզպետարաններում կրճատումներն առաջին հերթին կվերաբերեն մարզպետների տեղակալներին եւ նրանց անձնակազմին։ Այս մասին մարտի 1-ին, կառավարող «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։
Պատգամավորը նշել է, որ կրճատման տակ կընկնեն նաեւ աշխատակազմերի ղեկավարների տեղակալները, բաժինների պետերը եւ այլք։ «Եվ քանի որ որոշ բաժիններ կմիավորվեն, դրանց մի շարք ղեկավարները նույնպես կընկնեն կրճատման տակ»,- ընդգծել է Կարապետյանը։
Նա տեղեկացրել է, որ իրականացվել է լիազորությունների ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե քանի աշխատակից է այս փուլում պետք այս կամ այն աշխատանքը կատարելու համար՝ հավելելով, որ կրճատումները պայմանավորված կլինեն հենց այդ գործոնով։
Ի պատասխան այն հարցի, թե ինչ պետք է անել՝ աշխատող քաղաքացիների որոշակի թվի կրճատման ժամանակ կամայական որոշումներից խուսափելու համար, կառավարող դաշինքի պատգամավորը հավաստիացրել է, որ իրենք կաշխատեն, որպեսզի մշակեն որոշակի չափանիշներ, որոնք կընկնեն մարզպետարանների աշխատակիցների ապագա կրճատումների հիմքում։ «Հաշվի կառնվեն աշխատակցի աշխատանքային ստաժը, նրա ստացած կրթության համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին եւ շատ այլ բաներ»,- ամփոփել է Վարազդատ Կարապետյանը։
Նշենք, որ իշխանությունները մտադիր են կրճատել մարզպետարանների աշատակիցների մոտ մեկ երրորդին։