Թիկունքն ամրապնդելու ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյան առաջինն էր միջազգային պաշտոնյաներից, որն, ըստ էության, արձագանքեց Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթին։

Լայչակն, ըստ էության, հասկացրեց, որ գոնե առայժմ Արցախը չի կարող բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ լինել։ ԵԱՀԿ գործող նախագահի այս դիրքորոշումը միանգամայն բնական է, ու այլ կերպ լինել չէր էլ կարող. ի վերջո, նա չէր կարող հակադրվել այն հրապարակային դիրքորոշմանը, ինչն ընդամենը օրեր առաջ հեղինակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել մոտեցում, որը չի ենթադրում արագ արդյունք, հակառակ պարագայում՝ ո՛չ հակամարտություն կունենայինք, ո՛չ էլ՝ դրա լուծմանը հետամուտ կարգավորման գործընթաց։

Սակայն արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահի դիրքորոշումը ենթադրում է, որ հայկական կողմը պետք է հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից, կամ հակադրության մեջ մտնի միջազգային հանրության, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ-ի ու նրա միջնորդական առաքելության հետ։ Իհարկե՝ ոչ. Երևանը պետք է մնա իր սկզբունքային դիրքերի վրա, միևնույն ժամանակ՝ արդյունավետ ու կառուցողական համագործակցություն ծավալի միջազգային հարթակներում։ Արցախի սուբյեկտության ամրագրումը պետք է լինի Հայաստանի իշխանության առաջնահերթությունը, որովհետև միայն այդ ճանապարով է հնարավոր հասնել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ու երաշխավորված անվտանգությանը, միևնույն ժամանակ՝ այդ խնդիրը կարող ենք լուծել, եթե մեր դիրքորոշումները համահունչ լինեն համաշխարհային զարգացման համատեքստին։

Արցախի խնդրում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սահմանել է բավականին բարձր քաղաքական, անվտանգային նշաձողեր, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի կենսական շահերից։ Սակայն այդ նշաձողին հասնելու համար նվազագույնը պետք է հետևողական աշխատանք տարվի, ընդ որում՝ բազմաշերտ, բազմահարթակ։

Նախ՝ էապես պետք է բարձրացվեն մեր դիվանագիտության որակն ու արդյունավետությունը։ Հեղափոխությունն, ինչպես բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը, չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը, սակայն անհրաժեշտաբար պետք է վերանայվեն վարվող քաղաքականության բովանդակությունն ու որակը։ Դրանք պետք է համապատասխանեցվեն Նիկոլ Փաշինյանի սահմանած նշաձողին, այլ խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի նախաձեռնող՝ միտված նոր դաշնակիցների որոնմանը։ Միջազգային հանրությանը հակադրվելն արկածախնդրություն է, ինչի հետևանքները երկար սպասել չեն տալու, ըստ այդմ՝ անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ խորհրդարանական, Սփյուռքի ներուժը, որպեսզի Արցախի հարցում պաշտոնական Երևանի տեսակետները հասու լինեն, ընկալելի դառնան համաշխարհային ուժային կենտրոնների համար։ Սակայն ավելի սկզբունքային է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաղթահարի միավեկտորությունն ու իր առաջ ավելի ամբիցիոզ խնդիրներ դնի։

Մյուս կողմից՝ ԼՂ հարցով երկրի ներսում պետք է ծավալվի քաղաքական, հանրային դիսկուրս, որը հնարավորինս ձերբազատված կլինի զգայական բաղադրիչից, հուզականությունից, մարգինալությունից։ Քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն, այսպես կոչված, «անկյալությունն» ու արձագանքողի կարգավիճակում գտնվողից դառնան տեսակետների, դիրքորոշումների կրողներ։ Նիկոլ Փաշինյանը բարձր նշաձողեր է սահմանել՝ իշխանության լեգիտիմության գործոնը հաշվի առնելով։ Լեգիտիմության գործոնն, անշուշտ, կարևոր է, սակայն բավարար չէ. արտաքին քաղաքականության մեջ պետք է կապիտալիզացվեն թավշյա հեղափոխության արդյունքները, սակայն նույնքան վտանգավոր կլինի հեղափոխության դերի ու հետևանքների գերագնահատումը։

Թերևս անհրաժեշտ է Արցախյան հարցից սահուն անցում կատարել պետական համակարգի արդիականացման, տնտեսության զարգացման հարցերին։ Առանց արդյունավետ պետական համակարգի՝ հնարավոր չէ հասնել այն նշաձողին, որը սահմանել է Փաշինյանը։ Տնտեսության ներկա կառուցվածքով Հայաստանը ոչ միայն մրցունակ չի լինի, այլ նաև չի կարող դառնալ տարածաշրջանային կամ միջազգային քաղաքականության գործոն։ Իրապես անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, սակայն գեղեցիկ կարգախոսը կարող է արժեզրկվել, եթե չստանա կոնկրետ քաղաքական, սոցիալական բովանդակություն։ Բերենք կոնկրետ օրինակ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որոնց, օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից: Սակայն ավելի զավեշտալի է այն փաստը, որ անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում, իսկ հայ-ռուսական հարաբերությունները հռչակված են ռազմավարական։ Ու այսպիսի տասնյակ օրինակներ կարող ենք նշել, սակայն մեր խնդիրը ոչ թե անմխիթար վիճակի արձանագրումն է, այլ իշխանություններին ինստիտուցիոնալ բարեփոխումների մղելու ցանկությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում. Տիգրան Աթանեսյան Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի Օսիպյան Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար Երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ Նոր որոշում. Օսիպյանը կհեռանա Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցում
website by Sargssyan