Փոլ Սինյակի նկարը կվերադարձվի ժառանգներին. այն գողացել էին 1940 թվականին
ՀասարակությունՓոլ Սինյակը պուանտիլիզմի հիմնադիրն է. դեռեւս կենդանության օրոք նրա գործերը բարձր էին գնահատվում: Նրա կտավներից մեկը, որը 1940 թվականին Ֆրանսիայից դուրս էր բերվել, հայտնաբերվել էր Գուրլիթի սկանդալային հավաքածուում, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով LiveScience-ին:
Դեռեւս 2012 թվականին գերմանացի մաքսային ծառայողները հայտնաբերել էին Կորնելուիս Գուրլիթին պատկանող 1500 նկարներ. կտավների մեծամասնությունը գողացված էին, ընդ որում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Մանրակրկիտ հետաքննությունը հաստատել էր Սինյակի «Քլիշի ծովափը ամպամած եղանակին» կտավի իսկությունը. այն կվերադարձվի նախկին տիրոջ ժառանգներին: Ի սկզբանե կտավը պատկանում էր Ֆրանսիայում բնակվող հրեա Գաստոն Պրոսպեր Լեւիի ընտանիքին: Լեւին եւ իր ընտանիքը փրկվել էին Թունիս տեղափոխվելու շնորհիվ: Այժմ Գաստոն Պրոսպերի ժառանգները բանակցում են գերմանական իշխանությունների հետ նկարը վերադարձնելու հարցի շուրջ: