Քաղտեխնոլոգ. «Որքան իջնում է վարչապետի վարկանիշը, այնքան թուլանում է «սոսինձը»». «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինտրիգներ, հակասություններ, գուցեև վրիպակներ, բայց՝ միայն առաջին հայացքից: Սրանք այն հանգամանքներն են, որոնք կարող են բնութագրել իշխանության ներսում առկա որոշ գործընթացներ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով, առհասարակ ցանկացած երկրի քաղաքական կյանքում միշտ պայքար և մրցակցություն է լինում: Որպես մրցակցության ամենացայտուն փուլ՝ մեր պարագայում մատնանշում է ԱԺ ընտրությունները, հետո խոսում արդեն հաղթող քաղաքական ուժի մասին:
«Այն ուժը, որը հաղթում է և դառնում իշխանություն, ձևավորում է գործադիր ապարատ: Բայց միշտ պետք է իմանալ, որ հաղթող ուժի մեջ նույնպես մրցակցություն կա. կարճ ժամանակում այդ ուժի մեջ ձևավորվում են տարբեր խմբավորումներ, որոնք փորձում են իշխող ու թելադրող դիրք ունենալ քաղաքական տվ յալ ուժի մեջ: Եվ եթե այդ ուժը ղեկավարվում է հեղինակավոր մարդու կողմից, բնականաբար, նրանք ցանկանում են ավելի մոտ լինել այդ հեղինակավոր անձին, և, միաժամանակ, իշխող դիրք ունենալ թե՛ ամբողջ կուսակցության մեջ, թե՛ գործադիր ապարատում: Սա նորմալ գործընթաց է թե՛ ժողովրդավարական, թե՛ նաև ոչ ժողովրդավար երկրների պարագայում: Անգամ այդ դեպքում իշխանության մեջ միշտ լինում են խմբավորումներ, որոնք պայքարում են առաջինը լինելու համար: Սա միանշանակ է: Վերջին 30 տարվա ընթացքում այդ օրինակները մեզ մոտ բազմաթիվ են եղել»,-ասաց Ա. Բադալյանը՝ նշելով, որ այդպես եղել է թե՛ ՀՀՇ-ի, թե՛ ՀՀԿ-ի ժամանակաշրջանում:
«Հիմա իշխում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և, ինչպես ԱԺ-ում, այնպես էլ դրանից դուրս իշխող քաղաքական թիմում պարտադիր առաջանում են տարբեր խմբավորումներ, որոնք ցանկանում են իշխել: Եվ այդ խմբավորումը, իր ներկայացուցիչներին տարբեր պաշտոնների տեղավորելով, փորձում է լինել ամենաազդեցիկն ու թելադրողը: Հաշվի առնենք նաև այն, որ «ՔՊ»-ն լիդերային կուսակցություն է, որի գաղափարախոսությունը զուտ Նիկոլ Փաշինյանի կերպարն է: Բացի այդ, իշխող ուժը «սոսնձվող» է, այսինքն, ամուր կապողը վարչապետի բարձր վարկանիշն է: Քանի դեռ վարկանիշը բարձր է, իշխող քաղաքական թիմի միասնականությունն ավելի ամուր է, բայց որքան իջնում է վարչապետի վարկանիշը, այնքան թուլանում է «սոսինձը»: Իսկ որքան թուլանում է իշխող քաղաքական թիմը, այնքան այնտեղ եղած խմբավորումներն իրենց պատկերացումներն ու դիրքն ամրապնդելու համար ավելի ու ավելի են ինքնուրույն դառնում: Սա՝ առավել ևս այն դեպքում, երբ այդ ուժի մեջ կան տարբեր մարդիկ, որոնք տարբեր պատկերացումներ և մոտեցումներ ունեն թե՛ Հայաստանի ապագայի, թե՛ մեր արտաքին քաղաքականության առումով»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածն այժմ այդքան էլ տեսանելի չէ:
«Հիմա դա չի երևում, որովհետև վարչապետի վարկանիշը բարձր է, թեև արդեն իսկ անկում կա: Այդուհանդերձ, երևում է մեկ այլ գործընթաց, երբ անհատ գործիչները սկսում են իրենց թիմակիցներին ավելի ու ավելի լավ պաշտոններում տեղավորել և հենց իրենց թիմի դիրքն ամրապնդել: Ինչ վերաբերում է միմյանց նկատմամբ իրականացվող տեղեկատվական արտահոսքերին, դա սովորական PR տեխոնոլոգիա է և կիրառվում է բոլոր երկրներում: Եթե ուզում ես քո դիրքն ամրապնդել, բնականաբար, պետք է թուլացնես մրցակից թիմերին, իսկ նրանց թուլացնելու տարբեր ձևեր կան: Ձևերից մեկը նրանց վերաբերյալ վարկաբեկիչ նյութեր շրջանառության մեջ դնելն է: Սա նորմալ գործընթաց է, բայց դրանից պետք է հետևություն անի վարչապետը: Մասնավորապես, պետք է հետևություն անի իր կուսակցությանը քաղաքական բովանդակություն տալու առումով: Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ հետևություն չի լինի և այդ կառույցին քաղաքական գաղափարախոսություն չի տրվի: Փորձ, իհարկե, կարող է լինել, բայց առհասարակ լիդերային կառույցների ղեկավարները նման բան չեն անում, որովհետև հասկանում են, որ այդպիսով իրենք իրենց տեղը զիջելու են գաղափարախոսությանը»,-ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգը նշեց, որ այսօր ներքաղաքական կյանքում առկա ամենագլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը չունի զարգացման օրակարգ. «Սա ամենալուրջ խնդիրն է: Հենց այս հանգամանքն է ավելի մեծ վտանգ ստեղծելու իշխող ուժի համար, քանի որ երբ զարգացման վեկտոր չկա, որի ուղղությամբ պետք է շարժվել, բնականաբար, այդ իրավիճակը հանգեցնելու է նրան, որ նույն քաղաքական ուժի մեջ տարբեր խմբավորումներ են ի հայտ գալու»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում