Մարզպետը՝ Լենուղու վթարային շենքի բնակիչների ակնկալիքների և պետության հնարավորությունների մասին
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային երեք շենքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին գյուղի դպրոցի մուտքը։ 22 ընտանիք փաստի առջև է կանգնել, քանի որ ապրում է 4-րդ կարգի վթարային շենքում, որը վթարային է դեռ անցած դարի 80-ական թվականներից: Այսօր բողոքող բնակիչների հետ հանդիպման է գնացել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակից հետ զրույցում հայտնեց, որ հանդիպման ժամանակ բնակիչներին առաջարկվել է խնդրի կարգավորման երկարաժամկետ և կարճաժամկետ լուծումներ. «Կարճաժամկետ հրատապ լուծում եղել է հետևյալը՝ մենք առաջարկել ենք մոտակա տարածքում կամ հնարավորության սահմաններում պայմաններ, ժամանակավոր տեղափոխվելու կացարաններ, սակայն համայնքի բնակիչները հրաժարվել են՝ պատճառաբանությամբ, որ այդ տարածքներում ունեն տնամերձ տարածքներ, որոնք մշակում են: Երկարաժամկետ լուծումն այն է, որ կառավարությունից փորձենք գումար հատկացնել հանրային կացարանի վերակառուցման համար, որը ևս մերժվել է»,- հայտնեց մարզպետը:
Մաթևոսյանը նկատեց, որ բնակիչների այդ մերժումների պատճառն այն է, որ դեռևս 2015 թվականին՝ կառավարության որոշմամբ, 7 ընտանիքների տրամադրվել է 6 մլն 600 հազար դրամ գումար, և բնակիչներն ակնկալում են նմանատիպ լուծում մյուս 22 ընտանիքների համար. «Իրենք ցանկանում են միայն ֆինանսական աջակցություն մարզպետարանի կողմից, սակայն մարզպետարանի բյուջեն նախատեսված է մի քանի կոմպոնենտից՝ աշխատանքային, մարզպետարանի շենքի սպասարկում, սոցօգնության գումար, սա ստանդարտ է և մարզպետարանը բացի այդքան գումար չունենալուց, լիազորված էլ չէ: Մենք առանձին բյուջեով գումար չունենք տրամադրված նմանատիպ խնդիրների համար: Դրա համար առանձին կառավարության որոշում է պետք, իսկ այս դեպքում 100 մլն դրամից ավել գումար պետք է տրամադրվի»,- ընգծեց Մաթևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ կառավարությունում տեղյակ են խնդրի մասին, քննարկումներ են եղել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, գրություններ են ուղարկվել նաև վարչապետի գրասենյակ:
«Անկախ քաղաքացիների խնդրի լուծման ակնկալիքներից, մենք փորձում ենք խնդիրը լուծել հնարավորության սահմաններում, այլ ոչ թե՝ ակնկալիքներով: Քաղաքացիների ակնկալիք լուծումը՝ ֆինասական է, որով կամ տուն կկառուցեն կամ գնեն: Մենք համաձայնվել ենք քաղաքացիների հետ, որ ֆինանական լուծման ժամանակ չի տրամադրվելու 2015 թվականի չափով գումար: Այդ փուլին հասնելիս՝ հաշվի է առնվելու շուկայի ուսումնասիրությունները»,- հավելեց մարզպետը: