Գյուղատնտեսության նախարարությունը վարելահողերի մշակումն արդյունավետ կդարձնի. Գեղամ Գևորգյան
ՀասարակությունՀայաստանում 200 հազար հեկտար չմշակված վարելահող կա։ Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողերի մշակումը դառնա արդյունավետ և հանրապետությունում չմշակվող հողեր չմնան:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:
« Չմշակվող 200 հազար հեկտար վարելահող ունենք, սակայն օպերատիվ կերպով հավաքում ենք տվյալներ, որպեսզի կարողանանք օբյեկտիվ տվյալ տալ: Կարծում եմ ավելի կարևոր է, թե մարդն ինչու պետք է մշակի: Պետք է այնպես անենք, որ հողի մշակումը դառնա արդյունավետ և ՀՀ-ում չմնա 1 սմ հող, որ չի մշակվելու: Սակայն դա իհարկե մեկ տարվա ընթացքում չի լինելու»,-ասաց Գևորգյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսական սեզոնը սկսելու համար վարչապետի կողմից հանձնարարված բոլոր ծրագրերն արդեն ընթացքի մեջ են: Այսինքն` գյուղացին սպասելու կարիք չունի: Նախարարը նկատեց, որ միայն ջրի հարցն էր գլխավոր խնդիրը, փորձում են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործընկերների հետ օպերատիվ լուծումներ տալ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում և ներկայացվում են թռչնաբուծության ոլորտի բիզնեսներին, որպեսզի կարողանան ինքնաբավության մակարդակը բարձրացնել: Մեծ ծրագիր են ներկայացնում նաև ջերմոցային տնտեսության համար, ֆինանսավորման զարգացման համար: Նախարարությունը սուբսիդավորելու է նաև խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը՝ 0-2 տոկոսով: