Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր
ՀասարակությունՊարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանի մայրը։
«Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է՝ խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ՞ որ նրանց շնորհիվ այդ օրը կա, և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- գրել է Մարինե Հակոբյանը։
NEWS.am–ի հետ զրույցում Մարինե Հակոբյանն իր վրդովմունքը հայտնեց կառավարության որոշման վերաբերյալ, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես ՀՀ քաղաքացու օր՝ հիշելով 2018թ. հեղափոխությունը։ Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերին գրավոր դիմել էին Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մեկ օր սահմանել որպես ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր, Փաշինյանը խոստացել է պատասխանել, սակայն մինչև օրս արձագանք չկա։
Նրա խոսքով՝ 2018թ․ սեպտեմբերին վարչապետի հետ հանդիպմանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները նաև առաջարկել են «Եռաբլուր» պանթեոնում զոհված տղաների նկարներով պաստառ տեղադրել։
«Ապրիլյանի հերոսներից ինը «Եռաբլուր» պանթեոնում են հանգչում, և գրեթե մարդկանց մեծ մասը հիմնականում «Եռաբլուր» է այցելում, մենք էլ ուզում ենք, որ նրանք հիշեն ու ճանաչեն ապրիլյանի բոլոր հերոսներին»,- ասաց Մարինե Հակոբյանը՝ նշելով, որ այդ հարցով նույնպես կառավարությունից պատասխան չեն ստացել։
Նշենք, որ Մարինե Հակոբյանը 2016թ․ ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ 112-րդ մարտական դիրքում (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրն է։