Խորհրդարանում այսօր քննարկվող նախագծերի համատեքստում «նոր թեկնածու» եզրույթի վերաբերյալ
БлогՖեյսբուքյան օգտատեր Թամարա Շաքարյանը իր էջում գրում է.
«Չեմ կարող համաձայնվել այն մեկնաբանությանը, որ իրավասու մարմնի կողմից նույն անձին կրկին ներկայացնելու սահմանադրական արգելք չկա, ուստի նույն անձին կարող են կրկին առաջադրել՝ որպես նոր թեկնածու: ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ուստի արգելքը կարող է սահմանվել նշված օրենքով և չհակասել սահմանադրական նորմերին:
«Նոր թեկնածու» եզրույթը կիրառվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի ինչպես 8-րդ մասում, երբ իրավասու մարմինը նոր թեկնածու պետք է ներկայացնի, երբ սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, այնպես էլ 4-րդ մասում, երբ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է առաջադրել նոր թեկնածու: Եթե համարում ենք, որ նոր թեկնածուն կարող է լինել նույն անձը, ապա այդ մեկնաբանությունից առնվազն բխում է, որ տվյալ դեպքում, երբ փաստաթղթերը վերադարձվում է թեկնածուին առաջադրող մարմնին օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, իրավասու մարմինը կարող է ներկայացնել նույն թեկնածուին` որպես նոր առաջադրում: Վստահ եմ, որ նման մեկնաբանություն չի կարող արվել, և այս դեպքում միակարծիք կլինեն գոնե այն հարցում, որ վերոնշյալ դեպքում ներկայացվող «նոր թեկնածուն» պետք է լինի այլ անձ:
Ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները: Այսինքն՝ վերը նշված 144-րդ հոդվածում օրենսդիրը կիրառել է «նոր թեկնածու» եզրույթը միևնույն միտքն արտահայտելու տրամաբանությամբ և այս համատեքստում, կարծում եմ, «նոր թեկնածու» եզրույթը չի կարող մեկնաբանվել որպես նույն անձի նոր առաջադրում:
Ավելին, տվյալ դեպքում եզրույթների մեկնաբանությունից ավելի կարևոր է այն, որ եթե խորհրդարանը չի ընտրում ներկայացված թեկնածուին, և «նոր թեկնածու» եզրույթը մեկնաբանվում է «նույն անձի նոր առաջադրում» մեկնաբանությամբ, ապա դրանից բխում է, որ իրավասու մարմինը կարող է նույն անձին անընդհատ ներկայացնել խորհրդարան, ինչն էլ չի կարող չաղավաղել սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունների էությունը: Ուստի իրավական նորմի մեկնաբանությունը պետք է լինի համակարգային՝ նորմի իրավական տրամաբանության համատեքստում»: