Արցախում Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը (ֆոտո)
ՀասարակությունՀայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային եւ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների եւ զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին:
Աշխատանքային այցի երկրորդ օրը հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքերին, հետաքրքվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:
Այցի ավարտին ի մի են բերվել զորամասերի մարտական պատրաստության, թիկունքային ու տեխնիկական ապահովման ուղղություններում արձանագրված արդյունքները եւ հստակեցվել համագործակցության հետագա անելիքները: