Հակառակ կողմը դեռ չի հանգստանում․ ինչու բախվեցին Խուլերի միավորման երկու թեւերը
ՀասարակությունԽուլերի միավորման նախկին նախագահ Գրիգոր Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ կռիվ, ծեծ, ջարդ է արել հաստատությունում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց սուրդոթարգմանչուհի Ամալյա Փահլեվանյանը՝ անդրադառնալով Խուլերի միավորման անդամների միջեւ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին։
Փահլեվանյանի խոսքով՝ այսօր խուլ ու համրերը նշում էին Մայրության և գեղեցկության տոնը՝ ներկայիս նախագահ Մարինե Հարությունյանի հետ, եւ այդ ժամանակ էլ սկսվել է ծեծկռտուքը։
Փահլեվանյանը պատմեց, որ 2018 թվականի հունվարի 28-ին Գրիգոր Գրիգորյանը համագումար է հրավիրել և հրաժարական ներկայացրել։ Այնուհետև թեկնածություն է առաջադրել Բաբկեն Ղազարյանը. «Նրա գործերը գնացել է Արդարադատության նախարարարություն, և մերժում է ստացել։ Դրանից հետո մենք խուլ ու համրերով համագումար անցկացրինք և նախագահ ընտրեցինք Մարինե Հարությունյանին»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակ կողմը դեռ չի հանգստանում, անընդհատ անախորժությունների է դիմում։
Հակառակ կողմում բոլորովին այլ կարծիքի են․ NEWS.am-ի հետ զրույցում Գրիգոր Գրիգորյանի թարգմանիչ Անուշ Սարգսյանն ասաց, որ Ամալյա Փահլևանյանը ապատեղեկատվություն է տարածել, ներկայիս նախագահը Մարինե Հարությունյանը չէ, քանի որ Գրիգոր Գրիգորյանը հրաժարական չի ներկայացրել. «Իրենք գողացել են այդ մարդու պաշտոնը։ Գրիգոր Գրիգորյանը այսօր գնացել է իր աշխատակիցների հետ՝ խուլ ու համր կանանց նվերներ բաժանելու, պատնեշ են սարքել ու չեն թողել՝ ներս մտնեն։ Սա չորս տարվա կռիվ է։ Մենք ոստիկանությունում ցույց տվեցինք ռեգիստրի գրանցումը և մեզ ազատ արձակեցին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է եղել Խուլերի միավորման տանը։ Կեսօրին բախում է եղել Գրիգոր Գրիգորյանի և Մարինե Հարությունյանի կողմնակիցների միջև։Կրքերը հանդարտվել են ոստիկանության միջամտությունից հետո։ NEWS.am-ի թղթակցին միավորման անդամներն ասել են, որ Գրիգոր Գրիգորյանը եւ Մարինե Հարությունյանը եղել են ոստիկանությունում։