«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքի ակցիան ավարտվեց ծափահարություններով
Հասարակություն«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց:
«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը կոչ արեց ծափահարել Դավիթ Ղազարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվին:
Բողոքի ակցիա իրականացնող անձինք որոշում կայացրին վերադառնալ իրենց տները կամ աշխատանքի վայր: Ակցիաները շարունակական են լինելու, սակայն մանրամասներ չհայտնվեցին, թե ինչպես և որտեղ է իրականացվելու հերթական ակցիան:
«Ադմինիստրացիայի աշխատակիցներին խնդրում եմ գալ աշխատավայր, իսկ ջերմոցների աշխատակիցներին՝ գնալ տուն, հանգստանալ, ուժ հավաքել: Մենք այժմ իրավունք չունենք էմոցիաներով շարժվել»,- նշեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հետագա քայլերի մասին իրենք հավելյալ կտեղեկացնեն:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել: