Եթե նախագիծն ընդունվի, վարկ առաջարկող անհատները կպատճվեն
ՀասարակությունՊարզվում է օրենսդիր մարմնին էլ է հետաքրքրել վարկ տրամադրողների հայտարարությունները: Ավելին, այսօր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այդ հարցը կարգավորող նախագիծ է քննարկվել, քանի որ ավելի վաղ պարզվել է, որ դաշտը կարգավորող օրենքներն այդ առումով թերի են:
Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացում կատարելու մասին առաջարկը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստի ժամանակ Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է կանոնակարգել «վարկ դասավորելու» մեջ մասնագիտացած անձանց իրավուքները, նման գործառույթ իրականացնելը դարձնել պատժելի արարք և համապատասխան պատժամիջոց կիրառել:
Նման փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել է, երբ պարզվել է, որ ամենուր փակցված վարկով գումար առաջարկողներն, իրականում, թեև ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում, կապ չունեն նաև ֆինանսական կառույցների հետ, ծառայությունները տրամադրում են ամսական 25-30 տոկոսով, բայց օրենք չեն խախտում:
Թանդիլյանի խոսքով՝ նման անձինք իրենց կոչում են վարկ դասավորողներ, թեև, իրականում, որևէ կապ չունեն նման գործունեություն իրականացնողների հետ: Իսկ քաղաքացիներն էլ օգտվելով նման մատչելի տարբերակից, առանց մանրամասների մեջ խորանալու ընկնում են լարված թակարդը:
Ստացվում է, որ օրենքի բացից օգտվելով տոկոսով փող տվողների ճանապարհներն էլ շուտով կփակվեն, բայց երևույթը կդադարի, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ: Չի բացառվում, որ օրենսդրական կարգավորումից հետո նրանք կրկին ընդհատակ անցնեն, քանի որ անփող ու անգործ հասարակությանը միշտ էլ գումար պետք լինելու է, հատկապես դժբախտ դեպքերի ժամանակ, ինչից, ցավոք, ոչ ոք երաշխավորված չէ:
Արմինե Գրիգորյան