Մեկնարկել են հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
ОбществоՀայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման եւ հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման եւ նշագծման աշխատանքներ։
Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում` առաջնահերթ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետեւ` շահագործման եւ պահպանման։
Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։
Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։