Զինվոր Է ինքնասպան եղել

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը հաստատված էր գնահատել, որ Արթուր Ա.-ն՝ կոչումով մայոր, 2009 թվականին նշանակվել է զորամասի բժշկական ծառայության պետ, իսկ 2015 թվականի մարտին արձակվել է պահեստազոր:

Սյունիքի մարզի բնակիչ Ռուբեն Դ.-ն, լինելով Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանող, 2013 թվականի հունիսին առանց առողջական սահմանափակումների, զորակոչվել ու ժամկետային զինծառայության է անցել տանկային գումարտակում:

Մինչև զորակոչվելը՝ 2012 թվականին սեպտեմբերին, գտնվելով Երևանում, Ռուբենը մեկ անգամ ունեցել է ջղաձգումներ և գիտակցության կարճատև կորուստ: Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա լրիվ հետազոտությունները չի անցել, հրաժարվել է ստացիոնար բուժումից ու խորացված հետազոտություններից:

Հետագայում գիտակ ցության կորուստ ու ջղաձգումներ չի ունեցել, զորակոչային բժշկական հանձնաժողովին գանգատներ չի ներկայացրել և առանց առողջական սահմանափակումների է զորակաչվել ծառայության:

Ըստ մեղադրանքի՝ սկզբում Ռուբենը չի բողոքել ծառայությունից: 2013 թվականի հուլիսի վերջին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ նա տեղափոխվել է այլ գումարտակ, որտեղ էլ ծառայության ընթացքում նրա մոտ սկսել են ի հայտ գալ նյարդային ու հոգեկան բնույթի խնդիրներ:

Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Դ.-ն իրեն պահել է մեկուսի, ծառայակիցների հետ չի շփվել, հարցերին պատասխանել է կարճ և հատու:

2013 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ռուբենը հաճախ դիմել է վաշտի հրամանատարին՝ առողջական վիճակից բողոքելով, նա ասել է, որ նյարդային լարված վիճակում է: Ռուբեն Դ.-ին մի քանի անգամ տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ ախտորոշվել են միայն «լարինգիտ», «լիմֆոստազ»՝ չնայած այն բանին, որ Ռուբենի գանգատները հիմնականում եղել են նյարդային ու հոգեկան բնույթի:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսի 16-ի առավոտյան զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ Ռուբենի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ջղաձգության նոպա է եղել, ինչպիսին եղել էր մեկ տարի առաջ: Վաշտի սպաներից մեկն ուղեկցել է Ռուբեն Դ.-ին զորամասի բուժկետ: Սպայի վկայությամբ՝ Ռուբենը քայլել է դժվարությամբ, ամբողջ մարմինը եղել է ջղաձգված, խոսել է կցկտուր, բառերն անգամ արտասանել է դժվարությամբ:

Բուժկետում բժիշկների հարցերին Ռուբենը պատասխանել է ծայրահեղ նյարդային ձևով, «կոպիտ ու անհարգալից տոնով», նույնիսկ պառկած վիճակում դեմքը շրջել է դեպի պատը և չի ցանկացել պատասխանել մնացած հարցերին:

Սպան կատարվածի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին:

Նույն օրը գումարտակի հրամանատարական կազմից երկու սպաներ գնացել են բուժկետ՝ Ռուբենի հետ զրուցելու և նրա ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառները պարզելու:

Սպաների հետ խոսակցության ժամանակ Ռուբենը դրսևորել է տարօրինակ վարքագիծ՝ հայացքը կտրուկ թեքել է այսուայն կողմ, նշել է, թե չի կարողանում հարմարվել զինվորական ծառայությանը, քանի որ շարքում կանգնելը, սնվելը, ջուր խմելն ու անգամ՝ արևը ազդում են իր վրա:

Սպաները Ռուբենի անհատական գրքույկում նշել են, որ նա նյարդային լարված վիճակում է, վարքը տարօրինակ է:

Նույն օրը Ռուբենին դուրս են գրել բուժկետից, նա վերադարձել է ստորաբաժանում, բայց նորից բողոքել է նյարդային լարվածությունից:

Գումարտակի հրամանատարի ցուցումով Ռուբենին դարձյալ ուղեկցել են բուժկետ և սպասել են այնքան, մինչև նրան ընդունել են ստացիոնար բուժման:

Ըստ մեղադրանքի՝ չնայած Ռուբեն Դ.-ն բողոքել է նյարդային լարվածությունից, անքնությունից և այլն, նրա մոտ շարունակել են ախտորոշել «լարինգիտ»…

Երկու օր անց Ռուբենին դարձյալ դուրս են գրել՝ ըստ բժշկական փաստաթղթերի՝ լավացումով… Սակայն ծառայության վերադառնալով՝ Ռուբենը շարունակել է ներկայացնել նույն բողոքները՝ նյարդային լարվածության վերաբերյալ:

Նրան նորից են տեղափոխել բուժկետ, պահել են մեկ օր ու դուրս են գրել:

Երկու օր անց նույն գանգատներով Ռուբենին նորից տեղափոխել են բուժկետ, նա երկու օր ստացիոնար բուժում է ստացել, այս անգամ ախտորոշվել է նրա գանգատների հետ կապ չունեցող՝ «լիմֆոստազ»:

Հաջորդ անգամ Ռուբենը բուժկետ է դիմել սեպտեմբերի 4 –ին: Նրան մեկ օր են պահել:

Բուժկետում եղած ժամանակ Ռուբենը մայոր Արթուր Ա.-ի հետ զրույցի ժամանակ ասել է, թե ցանկանում է նորից տեղափոխվել իր նախկին գումարտակ, այնտեղ ընկերներ ունի…

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ա.-ն որպես բժշկական ծառայության պետ՝ անմիջական պատասխանատվություն կրելով զորամասի անձնակազմի առողջական վիճակի համար, անտեսել է Ռուբեն Դ.-ի մոտ ակնհայտ նյարդային ու հոգեկան խնդիրների առկայությունը, նրան նեղ մասնագիտական հետազոտության ուղարկելու, նրա բուժումը կազմակերպելու փոխարեն «դրսևորել է պաշտոնեական անգործություն և չի կազմակերպել զինծառայողի պատշաճ հետազոտումն ու բուժումը… Ավելին, նա զորամասում խոսակցություններ է տարածել, թե Ռուբենն իրականում հիվանդ չէ, այլ սիմուլյատիվ վարքագիծ է դրսևորում, որպեսզի տեղափոխվի նախկին գումարտակ…»:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ա.-ն Ռուբենի ու նրա հրամանատարի մոտ փորձել է արդարացնել իր անգործությունը, նշել է, որ Ռուբենը իրականում հիվանդ չէ, սիմուլյացիա է անում, նախկին գումարտակ տեղափոխվելու նրա ցանկությունը կապ չունի առողջական խնդիրների հետ…

Ռուբենի հերթական այցելություններից մեկի ժամանակ մայոր Արթուր Ա.-ն իրեն ապահովագրելու համար ձայնագրել է իր ու Ռուբենի խոսակցությունը՝ իբր մասնագիտական նպատակով, չնայած նման սովորությունը, ըստ մեղադրանքի, նա չի ունեցել:

Խոսակցության ժամանակ Ռուբեն Դ.-ն, ըստ մեղադրանքի, նշել է, որ անհանգիստ է, լարված, քնել չի կարողանում, ինչից շատ հոգնել է, սթրեսի մեջ է, մտքերով է ընկնում… Նա նշել է, որ նախկինում մի անգամ ջղաձգման նույնպիսի նոպա է ունեցել, գիտակցությունը կորցրել է…

Բայց, ըստ մեղադրանքի, անգամ այս խոսակցությունից հետո մայոր Արթուր Ա.-ն միջոցներ չի ձեռնարկել Ռուբենի հետագա բուժզննումը նեղ մասնագետի մոտ կազմակերպելու համար:

Ռուբենի՝ հերթական անգամ բուժկետում եղած ժամանակ բուժկետ է այցելել զորամասի հրամանատարի տեղակալը, նա հանդիպել է Ռուբենին, վերջինիս վարքագծի մեջ տարօրինակություններ է նկատել ու հարցուփորձ է արել բուժծառայության պետ Արթուր Ա.-ին, սակայն վերջինս ասելով, թե Ռուբենը առաջին անգամը չի բուժկետում, ավելացրել է, թե իր կարծիքով՝ նա իրականում հիվանդ չէ, սիմուլյացիա է անում:

Այդ խոսակցությունից հետո զորամասի հրամանատարի տեղակալը նախազգուշացրել է Ռուբենին՝ եթե նա իրոք՝ հիվանդ չէ ու սիմուլյացիա է անում, կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Հրամանատարի տեղակալը Արթուր Ա.-ին կարգադրել է խորամուխ լինել զինծառայողի առողջական խնդիրների մեջ, եթե անհրաժեշտ է՝ նրա բուժզննումը կազմակերպել զինվորական հոսպիտալում, ինչը չի կատարվել…

Ռուբեն Դ.-ն իր եղբայրների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ նույնպես բողոքել է նյարդային վիճակից, խնդրել է, որ միջոցներ ձեռնարկեն ու իրեն զորացրեն, քանի որ զինվորական ծառայությունն առողջական խնդիրների՝ նյարդային գերլարվածության պատճառով իր համար անտանելի է դարձել: Նա եղբայրներին ասել է, թե զորամասում իրեն չեն հավատում, մեղադրում են սիմուլյացիա կատարելու համար, նույնիսկ դեղամիջոցներ չեն տրամադրում… Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Դ.-ն կոկորդի ցավերից կամ մրսածությունից չի բողոքել, բայց նրա ախտորոշումները դրան են վերաբերում… Ռուբենի եղբայրները ցանկացել, բայց չեն կարողացել զրուցել Արթուր Ա.-ի հետ:

Այս ամենի արդյունքում, ըստ մեղադրանքի, զինծառայող Ռուբեն Դ.-ի մոտ զարգացել է «Դեզադապտացիոն խանգարում, դեպրեսիվ տևական հակազդում»՝ հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի չհասնող խանգարում, որն էլ արտահայտվել է մեկուսացվածությամբ, տրամադրության անկումով:

Ըստ մեղադրանքի՝ զորամասի բուժծառայության պետ, մայոր Արթուր Ա.-ի անգործության, սիմուլյացիայի վերաբերյալ խոսակցությունների տարածման պատճառով զինծառայողը «սուբյեկտիվորեն ընկել է անելանելիության հոգեվիճակի մեջ ու իր ունեցած հիվանդությունից ելքը գտել է ինքնասպանություն գործելու մեջ»:

2013 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ին Ռուբեն Դ.-ն զորամասի մարտավարական դաշտում համածառայողների ներկայությամբ իրեն ամրակցված «ԱԿ-74» ինքնաձիգը լիցքավորել, պահել է իր կզակի հատվածում ու կրակոց արձակելով՝ վերջ է տվել կյանքին…

Զորամասի բուժծառայության պետ, մայոր Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալ Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքը զորամասում խոսակցություններ չի տարածել Ռուբենի կողմից սիմուլյացիա անելու վերաբերյալ, Ռուբենի բուժօգնությունը կազմակերպել է պատշաճ կերպով:

Առաջին ատյանի դատարանը Արթուր Ա.-ի նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը նշել էր, թե դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ Արթուր Ա.-ն դրսևորել է իշխանական անգործություն…

Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողն ու տուժողի իրավահաջորդը:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Ս. Յուզբաշյանը նշել է, թե դատավճիռը պաշտպանական ճառի «արտատպված օրինակն է», դատարանը սխալ է վերլուծել ապացույցները, կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Մեղադրողը պահանջել է ամբողջությամբ բեկանել արդարացման դատական ակտը, Արթուր Ա.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Ռուբենի եղբայր Գուրգեն Դ.-ն նշել է՝ հենց Արթուր Ա.-ի կողմից իր ու Ռուբենի խոսակցության ձայնագրությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ՝ Ռուբենը այդ խոսակցության ժամանակ հստակ նշում է իր գանգատները՝ նյարդային լարվածություն, անքնություն սթրես, բայց այդ գանգատներն անտեսվել են բուժծառայության պետի կողմից, դրանք նույնիսկ չեն արձանագրվել Ռուբենի հիվանդության պատմության մեջ: Առաջին ատյանի դատարանը հիշյալ ձայնագրությունը վերցրել, կցել է գործի նյութերին, սակայն ձայնագրության բովանդակությունից ճիշտ հետևություններ չի արել: Մինչդեռ ձայնագրությունից ակնհայտ է՝ Արթուր Ա.-ի հետ խոսակցության ժամանակ Ռուբենը սովորական վիճակում չէ, նա նյարդային լարված վիճակում է, բայց բժիշկը, հիվանդի գանգատները լսելով, ոչ մի ձևով չի արձագանքել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվ դատաքննություն չի ընթացել…

Загрузка...
Երևանում նշեցին մարիխուանայի միջազգային օրը (տեսանյութ) «Ամուսինս մի փեշ փող ա ծախսել…». ինքնասպան եղած զինվորի մայրը նոր հանգամանքներ է հայտնել որդու գործից 82 բան, որ կատարել է Կառավարությունը 2019թ․ հունվարից սկսած «Յուվենտուս»-ը` Իտալիայի չեմպիոն (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են 40-ամյա վարորդի Range Rover-ն ու 70-ամյա վարորդի ՎԱԶ-21013-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի դասակի հրամանատարը Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Դավիթ Սանասարյանի դեմ գործ են սարքել և կարում են այդ գործը. փաստաբան Ինեսսա Պետրոսյան 38-ամյա քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել. վիճակը միջին ծանրության է Երևանի ավագանին կքննարկի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու հարցը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Նոր մանրամասներ դիզելային վառելիքի յուրացման դեպքի մասին Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում Տիգրան Բարսեղյանը` «Կայսար»-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար) Փարիզում «դեղին բաճկոնավորներ»-ը կրկին ակցիա են անցկացնում, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 70 մասնակցի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ֆեյքերից ու «Սպայկայից» անդին Իրավիճակը՝ սահմանին
Անչափ համեղ մսով կարկանդակների այս բաղադրատոմսը ինձ տվել է մի հմուտ խոհարար. ես ուղղակի խենթանում եմ սրանց համար Սա հատկապես օգտակար է 40-անց մարդկանց, ովքեր ուզում են ազատվել որովայնի ճարպից. արդյունքը` 100% Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է Աստծո 15 հուշումները մարդուն, որ պետք է իմանա ցանկացած ոք Թոռնիկը համացանցում հրապարակեց իր պապի` պատերազմի վետերանի երիտասարդ տարիների նկարը. ողջ համացանցը սիրահարվեց նրան. աա՜խ... Նիհարելու գաղտնիքները, որ երբեք ձեզ ոչ մի դիետոլոգ և մարզիչ չեն ասի Փորձառու ծաղիկ աճեցնողները խորհուրդ են տալիս հողի մեջ դնել լուցկու փայտիկներ․ ահա թե ինչու Կոշիկներում առաջացած հոտը շտապ վերացրեք այս պարզ միջոցի օգնությամբ, քանի դեռ այն ոտքերի համար տհաճ խնդիր չի առաջացրել Առանց ձվի և կարագի շերտավոր խմորի պատրաստման մատչելի բաղադրատոմս Հետաքրքիր տեսանյութ. Դեռ չծնված երեխան երաժշտություն լսելով՝ «պարում» է մոր որովայնում. Սա իսկական հրաշք է
website by Sargssyan