«Լի­դի­ա­նի» և Ամուլ­սա­րի թնջու­կը չի հան­գու­ցա­լուծ­վում. դա­տա­կան վճի­ռը կող­մե­րը տար­բեր կերպ են մեկ­նա­բա­նում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Մասնավորապես, դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, վճռել է բավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի: Դատարանի վճռում բառացիորեն ասվում է.

«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. պարտավորեցնել ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

2. Ոստիկանությունից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, արձագանքելով վարչական դատարանի կայացրած որոշմանը, իր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է. «ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թվականի սեպտեմբերի 20ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը: Ապրիլի 10-ին դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը ընկերության տարածքից»:

Հայկական բնապահպանական ճակատը դատական վճռի և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության պարզաբանումներից հետո ևս հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Լիդիանը», իրենց խոսքերով, «ապակողմնորոշում է հանրությանը»: «Դատարանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու և Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին, ինչպես որ փորձել է ներկայացնել «Լիդիանը»: Բացի այդ, այս վճիռը դեռևս նույնիսկ ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց, այն էլ միայն այն դեպքում, եթե ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում», - ասվում է «Հայկական բնապահպանական ճակատի» տարածած հաղորդագրության մեջ:

Ջերմուկ համայնքի բնակիչ Վազգեն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ «Լիդիանը» դատարանի վճիռն այլ կերպ է մեկնաբանում:

«Դատարանը որոշում է կայացրել այդ տարածքներում ճանապարհի վրա մեր տեղադրած գույքի, բայց ոչ մարդկանց վերաբերյալ: Դատարանի որոշումը վերաբերում է այն գույքին, տնակներին, որոնք մենք ձմռանը տեղադրել էինք ցրտից պաշտպանվելու համար: Որոշումը բացառապես դրան է վերաբերում: Իսկ «Լիդիանը» տարածել է տեղեկատվություն, որ դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է գալ, մարդկանց հավաքել, տանել, ազատել տարածքը, ապահովել անարգել մուտք և այլն, և այլն:

Իրավաբանական գիտելիքներ պետք չէ ունենալ հասկանալու համար, որ դեռ մեկ ամիս պետք է մինչ դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի: Ի վերջո, այս մեկ ամսվա ընթացքում ոստիկանությունը կարող է բողոքարկել այս որոշումը: Իրականում դատարանի որոշում էլ փաստորեն չկա», - ասում է Ջերմուկ համայնքի բնակիչը: Մեր այն դիտարկմանը, թե այս դեպքում ի՞նչ նպատակ ունի «Լիդիանը»՝ դատական վճիռը նման կերպ մեկնաբանելով, Գալստյանը նշում է. «Ընկերությունը խնդիր ունի իր ներդրողներին ապակողմնորոշելու, որովհետև դրա միջոցով ինքը եկամուտներ և ֆինանսական հոսքեր է ստանում: «Լիդիանն» այս պահին շատ մեծ կարիք ունի լրացուցիչ ֆինանսական հոսքեր ներգրավելու: Լայն թափով ապատեղեկատվություն է տարածում, և դա ազդում է նրա վրա, որ իր բաժնետոմսերի գինը սկսում է բարձրանալ: Ձմռանը, երբ մենք՝ Ջերմուկի բնակիչներս, թույլատրեցինք, որ իրենք ձմեռացման աշխատանքներ իրականացնեն, մասնավորապես՝ իրենց տեխնիկայի մեծ մասը սարի վրա էր և որպեսզի ձմռանը չսառցակալեր և չփչանար, թույլ տվեցինք բարձրանալ և վերևից իջեցնել, իրենք դա ներկայացրեցին այնպես, որ գարնանը պատրաստվում են շինարարական աշխատանքների և շուտով կսկսեն նորից աշխատել: Սրա հաշվին բաժնետոմսերի գինը բարձրացավ: Հիմա գուցե որոշեցին նույն կերպ օգտագործել դատարանի այս վճիռը», եզրափակում է Վազգեն Գալստյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Загрузка...
ԵԿՄ վարչության ուղերձը՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ Կիևի հայ համայնքն ու Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հոլովակ են նկարահանել (տեսանյութ) Հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում Գումարները ծախսվել են, բայց արդյունքը ոչ մեկին պետք չէ «Գազպրոմում» 500-1000 աշխատակից կկրճատվի. Բաղրամյան Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը իր դժգոհությունը կհայտնի տեղի իշխանություններին Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել․ Փաշինյանը՝ Սանասարյանի մասին (տեսանյութ) Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 Սպանության փորձ՝ 19-ամյա երիտասարդի նկատմամբ. գործը դատարանում է Արթուր Վանեցյանը չպարզաբանեց` ինչ իրեր են հայտնաբերվել Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել. Դավիթ Տոնոյան ԿԳՆ-ն սահմանել է զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետները Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք Հս. Կորեայի հետ նոր ձևաչա՞փ Սահմանն ամենախորհրդավոր երեւույթներից է. Փաշինյանը՝ սահմանապահներին (տեսանյութ) Հայաստանում վիրահատված ադրբեջանցի կալանավորի ստամոքսից 3 կգ երկաթեղեն են հանել (լուսանկար) «Քաղաքացու օր» թե՞ ուղղակի օրացուցային «ստրախովկա» 21-ամյա լիբանանցին հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել
website by Sargssyan