Սանասարյանը թեև փորձում է պաշտպանվել, բայց չի կարողանում համոզել
PoliticsԴավիթ Սանասարյանը երկար ժամանակ հրաժարվում էր պատասխանել, թե ԱԱԾ-ում քննվող Պետական վերահսկողության ծառայության գործով ինքը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ: Վերջին տեղեկությունը, որը նա հայտնել էր, Գևորգ Խաչատրյանի մասին էր, որը թեև չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ էր արձակվել, բայց աշխատանքի չէր ներկայանում:
Այդ ժամանակ ՊՎԾ պետն ասաց, որ տեղակալը աշխատանքի չի ներկայանում, քանի որ ծառայողական քննությունը դեռ շարունակվում է: Դրանից հետո նա այլ հարցերի չէր պատասխանում, քանի որ, իր խոսքով՝ այդ պահին այդպես էր հարմար գտնում: Սանասարյանի լղոզված պատասխաններից հետո վարչապետ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին նշանակեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչը բնականաբար վերջ դրեց սանասարյանական այն «սպասումներին», թե Գ. Խաչատրյանը կրկին կվերադառնա ու իր տեղն էլ կպնդանա:
Երկար ժամանակ ՊՎԾ պետը, նախաքննական գաղտնիքի թիկունքում թաքնվելով, շարունակում էր շրջանցել իրեն ուղղված հարցերը: Մասնավորապես՝ որպես կասկածյալ ինքը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա, կարծես, նախաքննական գաղտնիքի միֆն էլ է փշրվել, և Դ. Սանասարյանը վերջապես հաստատել է, որ հարցաքննվել է, առերեսվել է, իսկ թե ինչ կարգավիճակով՝ կրկին չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ ՊՎԾ պետը որպես կասկածյալ է ներգրավված: Գուցե հենց դա էր Սանասարյանն ակնարկում, երբ ասաց, որ եթե իր բարի համբավի վրա փորձեն որևէ բիծ գցել, ապա ինքն անպայման ինքնապաշտպանական միջոցների կդիմի:
«Կարող եմ ասել, որ որևիցե կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունն է պայքարելու կոռուպցիայի դեմ»,- ասաց Դ. Սանասարյանը:
Բնական է, որ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյան, որը ոչ վաղ անցյալում նախկին ընդդիմության ներկայացուցիչ էր, փողոցային և այլ ձևաչափերով պայքարի ընթացքում չէր էլ կարող որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված լինել, քանի որ չուներ իշխանական լծակներ, երբևէ չի եղել ՀՀԿ-ի յուրայինններից և այլն: Ուստի հասկանալի չէ, թե ինչու է նա կոռուպցիոն երևույթի հետ կապ ունենալուց պաշտպանվելու համար իր անցյալին հղում անում, երբ ներկա կարգավիճակը բոլորովին համեմատելի կամ համադրելի չէ իր անցյալի հետ:
Ինչ վերաբերում է ՊՎԾ գործով Սանասարյանին որպես կասկածյալ ներգավելու մասին լուրերը հաստատելուն կամ հերքելուն, ապա, ամենայն հավանականությամբ, նա այդ մասով կա՛մ ջենթլմենական պայմանավորվածություն ունի ԱԱԾ-ի հետ, կա՛մ տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք հրապարակվելու դեպքում կարող են խառնաշփոթ իրավիճակ առաջացնել ներիշխանական կուլիսներում:
Ամեն դեպում արձանագրենք, որ Սանասարյանի անցած քաղաքական ուղին հուշում է, որ ինքը թեև բավականին լավ տիրապետում է քաղաքական խաղերին, բայց կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին էլ քաղաքական խաղ չէ, և ինչքան էլ պոպուլիստական լինեն նրա պատասխանները, մեկ բան հստակ է, որ Սանասարյանը շարունակում է ձեռքերը փրփուրներին գցել, բայց որ դա էլ երկար չի ձգվի, միանշանակ է:
Արմինե Գրիգորյան