«Զատկին հաջորդող հիշատակության օրը պետք էր դարձնել ոչ աշխատանքային». «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային օր սահմանելու և դրանք որևէ շաբաթ օր տեղափոխելու թեմային: Այս հարցի շուրջ մշտապես տարակարծություն կա: Խնդիրն, իհարկե, բազմաշերտ է: Մի կողմից՝ պետության վերաբերմունքն ավանդույթներին, մյուս կողմից էլ կարծիքը, որ ոչ աշխատանքային օրերն ավելորդ շռայլություն են երկրի համար: Բայց նշենք, որ գոնե հիշատակության օրերի դեպքում խոսքը բացառապես աշխատանքային օրերը տեղափոխելու մասին է: Արդեն իսկ պարզ է, որ նոր իշխանություններն արդեն երկրորդ տաղավար տոնի պարագայում ձեռնպահ են մնում Մեռելոցը ոչ աշխատանքային սահմանել:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հիշատակության օրերը պետք է պահպանվեն:
«Ես պնդում եմ, որ Զատկին հաջորդող մեռելոց-հիշատակության օրը պետք է պահպանվեր, և այդ կերպ, տարվա մեջ գոնե մի քանի անգամ, հասարակությանը հնարավորություն պետք է տրվեր, որ հիշեն և հարգեն իրենց ննջեցյալներին: Ազգային ավանդույթները պետք է ավելի զորացնել, պանծացնել և ոչ թե մեր կենցաղավարությունից դուրս մղել: Ի վերջո, եկեղեցական և ազգային ավանդույթները մեր ինքնության բաղկացուցիչներն են: Մենք, մոռանալով այդ արժեքները, կուրանանք մեր ինքնությունը», - ասում է Սեպուհ սրբազանը:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձանք հարցի տնտեսական կողմին, թե արդյոք մի քանի աշխատանքային օրերի տեղափոխումը կարո՞ղ է պարալիզացնել տնտեսությունը:
«Իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր տիպի երկրների համար որքան քիչ լինեն ոչ աշխատանքային, տոն օրերը, այնքան ավելի լավ, որ տնտեսությունն աշխատի, հավել յալ արդյունք ստեղծի, զարգանա: Այդ առումով կարևոր է՝ որքան հնարավոր է քիչ ոչ աշխատանքային օրեր ունենալը: Իսկ կոնկրետ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային լինել-չլինելու հարցը կդժվարանամ մեկնաբանել: Բայց պետք է նշել, որ նախկինում ոչ աշխատանքային օրը շաբաթ օր տեղափոխելով, փաստացի, տարվա մեջ աշխատանքային օրերի քանակը չէր փոխվում, ուղղակի երկուշաբթի օրը տեղափոխվում էր շաբաթ՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առանց անհարմարությունների այցելել ննջեցյալներին: Այժմյան կառավարությունը հարցի հետ կապված ուրիշ դիրքորոշում ունի և որոշել է այս երկուշաբթին աշխատանքային թողնել:
Շաբաթ օրը ֆինանսական, տնտեսական բոլոր ինստիտուտները լիարժեքորեն աշխատում են, այս դեպքում աշխատանքի պարալիզացման խնդիր չեմ տեսնում: Չեմ կարծում, որ աշխատանքային մի քանի օրվա տեղափոխումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը», - ասում է տնտեսագետը:
Հ. Գ. Պետությունը պետք է հարգի ազգային ավանդույթները, հավատացյալ ժողովրդի զգացմունքները: Մի քանի աշխատանքային օրերի փաստացի տեղափոխությունը առանցքային նշանակություն չի ունենա, հատկապես այն դեպքում, երբ, միևնույն է, անխափան աշխատում են շտապօգնությունը, փրկարար ծառայությունը, ոստիկանությունը, հերթապահություն է սահմանվում մաքսային ծառայությունում: Բայց մեկ դիտարկում ևս. ոչ պետական համակարգում աշխատող մարդիկ հաճախ աշխատում են առանց շաբաթ-կիրակի և տոն օրերի: Այս դեպքում արդեն պետք է բարեխիղճ լինեն տնտեսվարողները՝ հնարավորություն տալով իրենց աշխատակիցներին այցելելու հարազատների շիրիմներին: Ի վերջո, ննջեցյալների հիշատակության օրերն աշխատանքային դարձնելն արտահայտում է պետության վերաբերմունքը եկեղեցու և հավատացյալ ժողովրդի նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում