«Մենք կեղծ ար­ժեք­նե­րով ենք առաջ­նորդ­վում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը: Շատերը ցավակցություններ հայտնեցին, այդ թվում՝ մենք՝ հայերս. ֆեյսբուքյան ստատուսներ, նկարներ՝ տաճարի ֆոնին: Սա բնական է, ճիշտ է, նորմալ է: Սակայն եղան նաև հարցեր: Օրինակ, երբ մերն է քանդվում, մեր մշակութային կոթողներն են հողին հավասարվում, ինչո՞ւ լուսանկարներ չեն հայտնվում, ինչո՞ւ աջակցության և ցավակցության կոչեր գրեթե չեն հնչում:

Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիներն՝ Աշտարակում, Սուրբ Աստվածածինը՝ Դիլիջանում, Սուրբ Հռիփսիմեն՝ Խնձորեսկում, Հին Խնձորեսկ գյուղն ամբողջությամբ, Միքայել Արամյանցի դղյակը՝ Ախթալայում: Սրանք պատմամշակութային կոթողներ են, մի քանիսը հազարներից, որոնք վերականգնման, «ապաքինման» կարիք ունեն: Անխնամ վիճակը, տարիների փորձությունները, եղանակային պայմաններն իրենց դրոշմն են թողնում ցանկացած շինության վրա: Մենք, որ առիթը բաց չենք թողնում ասելու, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք, երբվանի՞ց սկսեցինք քամահրական վերաբերմունք դրսևորել մեր մշակույթի նկատմամբ: Օրերս մասամբ փլուզվեց Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին: Եվ ի՞նչ: Պաշտոնական հաղորդագրություն, մի քանի գրառում, որոշակի անհանգստություն և վերջ:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, և սա անխուսափելի է: «Նոր եկեղեցիներ են կառուցվում այն դեպքում, երբ հազարամյակների պատմություն ունեցող վանքերն ու եկեղեցիներն անուշադրության են մատնված: Սա խոսում է այն մասին, որ մենք մի տեսակ կեղծ արժեքներով ենք առաջնորդվում: Լայն հաշվով, մեր հասարակությունը կեղծ արժեքների կրողն է:

Դրա պատճառով կարող էինք ունենալ այս վիճակը, որն ունենք: Նոտր Դամի հրդեհի հետ կապված ցավակցություններ են հնչում, այն դեպքում, երբ միևնույն ժամանակ լուր չունենք, թե Արևմտյան Հայաստանում ինչ կառույցներ են պայթեցվել: Ո՛չ հետաքրքրված ենք, ո՛չ առավել ևս բարձրաձայնում ենք: Նույնն էլ Նախիջևանի տարածքի հուշարձանների դեպքում. 218 վանք ու եկեղեցի կար, հիմա ոչ միայն Ջուղայի գերեզմանոցը չկա, այլ այդ վանքերից որևէ մեկը, նույնիսկ հետքը չկա, իսկ մեր հասարակության և պետության կողմից գրեթե արձագանք չկա: Սա մասնավոր կարծիք է, բայց Նոտր Դամի հրդեհի հետ կապված ցավակցությունները կեղծ եմ ընդունում: Միշտ ասել եմ, որ մեր իշխանությունները մեր ժողովրդի ծոցից դուրս ելած անհատներ են և հարազատորեն ներկայացնում են մեր պատկերը»,- ասում է հուշարձանագետը՝ նշելով, որ այս կեղծ վիճակը նոր չէ, այն դարերից է գալիս և հենց դա է ողբերգությունը:

Հարցին, թե տարիներ հետո գուցե գանք մի կետի, երբ մոտ երեքհազարամյա պատմություն ունեցող քաղաքամայր Երևանում չլինեն պատմական կառույցներ և սերունդներին որպես ժառանգություն կփոխանցենք նորակառույց եկեղեցիները, Կարապետյանն այլաբանորեն մոտեցավ և պատմական փոքրիկ մեջբերում արեց. «Սա էլ մեկ ուրիշ խնդիր է, չնայած բոլորն էլ մեկը մյուսի շարունակությունն են: Կեղծ արժեքների դավանանքն ազգային տեսակների բաղադրիչն է: Սա էլ ուրիշ ողբերգություն է, մեծ ուրացման հետևանքները, որը պաշտոնապես սկսվեց 301 թվականին: Ի՞նչ տեղի ունեցավ այն ժամանակ՝ կորչի՛ հինը, կեցցե՛ նորը, նույնն, ինչ բոլշևիկներն էին անում հեղափոխությունից հետո: 

Ես, օրինակ, Գրիգոր Լուսավորչի և հայ բոլ շևիկների գործունեության մեջ որևէ տարբերություն չեմ տեսնում: Նախնյաց հիշատակները չհարգելու, չկարևորելու, չարժևորելու այս մշակույթի հիմնաքարը դրել է Գրիգոր Լուսավորիչը՝ ոչնչացնելով և ազգին զրկելով իր պատմական, ժառանգական հիշողությունից: Սա տեղի է ունեցել 17 դար առաջ: Ագաթանգեղոսը լավ խոսք ունի, ասում է՝ «Գրիգոր Լուսավորչի քարոզների արդյունքում մարդիկ ասացին՝ մենք մոռացանք մեր հոր անունը»: Սա փոխաբերական իմաստով է, բայց մի մարդ, որ իր հոր անունը մոռանա, ուրանա և ժխտի, այդ մարդուց ի՞նչ ենք սպասում: Այնպես որ, այս բացասական, ողբերգական երևույթներն օրինաչափ են», - կարծիք է հայտնում Կարապետյանը: Նա հիշեցնում է, որ պետությունը պետք է հոգ տանի պատմական հուշարձանների վերականգնման և պահպանման մասին, փորձի դրանք ավելի հասանելի դարձնել մարդկանց: 

«Պետք է ներդրումներ անել եկեղեցիները և վանքերը վերականգնելու համար, բայց այդ գիտակցությունը չկա: Աջ ու ձախ տեսնում ենք՝ մեր ունևոր, քիչ թե շատ կարող անհատները նախապատվությունը տալիս են նոր եկեղեցի կառուցելուն: Այլ հարց է, որ երրորդ հազարամյակում՝ գիտությունների զարգացման այս փուլում, ինձ մոտ միայն ժպիտ է հարուցում եկեղեցի կառուցելու ցանկությունը: Սրանք կեղծ բարեպաշտության դրսևորումներ են: Մեր մեծահարուստներից շատերը նոր եկեղեցի են կառուցում, առանց արժևորելու իրենց պապերի, նախապապերի հիշատակները: Սա իրականում ողբերգություն է, բայց 17 դար մեր ազգային տեսակը «վիրուսակիր» է, և մեր հարատև ու անշեղ նահանջը այս երևույթների հետ է կապված»,եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan