Գեներալից փախստական՝ մեկ քայլ
ՎերլուծականԳեներալների փախուստը հայ իրականության մեջ դարձել է տխուր ավադույթ: Եվ ցավալին այն է, որ Հայաստանը սեփական բոստանի վերածածները նույն այդ գեներալները կամ նրանց հետ սերտորեն առնչվող անձինք էին: Ստացվում է, որ իրենց ուսադիրներով այնքան էին զարմացել ու մեծամտացել, որ կարծում էին, թե օրենքն էլ, իրավունքն էլ իրենք են, բայց ինչպես ասում են՝ այն ինչ ունի սկիզբ ունենում է նաև վերջ: Եվ հիմա եկել է ստի ու կեղծիքի վրա հիմնված ֆեյք գեներալների ինքնաբացահայտման պահը:
Հետաքրքիր է նաև, որ գեներալների փախուստի ուղղությունը նույնն է՝ Ռուսաստանի Դաշնություն, որը կարծես դարձել է նախկին ռեժիմի սպասարկուների հարազատ օջախը: Ով սեփական երկրից նեղանում է, վազում է եղբայրական Ռուսաստան, հույսով, որ անծայրածիր երկրում և՛ խաղեր տալը հեշտ կլինի, և՛ թաքնվելը:
Բայց հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, երբ երկիրն իրական անկախության քայլերը փորձում է ավելի հաստատուն դարձնել և երբեմնի բանան արտահանող երկրից վերադառնալ իրականություն: Չգիտես ինչու, գեներալների երբեմնի դուխն ու իմունիտետը կտրուկ ընկել է և իրենք հայտնվել են դիսկոմֆորտի մեջ ու սկսել են ձեռքերը փրփուրներին գցել:
Մեկը շարունակում է փախուստի մեջ մնալ, իսկ մյուսին հայտնաբերեցին Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում: Վերջինս ձերբակալվելուց հետո դիմել է ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, համաձայն որոնց՝ Մ. Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Ըստ քրեական գործի՝ նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:
Փաստորեն, քաղաքական ապաստան ստանալու դիմումը թույլ է տալիս ենթադրել, որ նրան առաջադրված մեղադրանքի հիմքերը բավականին ամուր են, որի մասին գիտի նաև ինքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Մ. Պողոսյանը: Եվ այդ պատճառով է հանկարծ որոշել դիմել Ռուսաստանի իշխանություններին, դրանով մերժելով ու անարգելով թե՛ սեփական անցյալը, թե՛ սեփական ուսադիրները։ Հակառակ դեպքում, տարրական հարգանք կցուցաբերեր ինքն իր հանդեպ և երկար տարիներ կրած իր ուսադիրների, ինքնակամ կվերադառնար հայրենիք ու կապացուցեր, որ անմեղ է:
Ստացվում է՝ ինքն էլ գիտի, թե իր ղեկավարման տարիներին ինչեր են եղել, և դա, փաստորեն, հերքել անհնարին կլինի: Ուստի որոշել է երկրից էլ հրաժարվել, ուսադիրներից էլ, միայն թե կարողանա հափշտակածը պահել: Այսինքն՝ գեներալից փախստական ընդամենը մեկ քայլ է, մինչդեռ երկար տարիներ պետական պաշտոնի ուժով ինքն իրեն անփոխարինելի էր հռչակել, պետական կառույցը ՍՊԸ-ի էր վերածել և այն ինչպես ուզում օգտագործում էր՝ լցնելով թե՛ իր և թե՛ իր յուրայինների գրպանները:
Մնում է հասկանալ, թե Մ. Պողոսյանի ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելը արդյոք իր համար կանաչ լույս վառած իշխանությունների բացակայությա՞մբ է պայմանավորված, թե՞ այլ՝ ավելի «լուրջ» հիմքեր կարող են լինել, որոնց մասին առայժմ հասարակությունը ոչինչ չգիտի:
Արմինե Գրիգորյան