Մայիսմեկյան երթի մասնակիցները պահանջում են
ПолитикаՄայիսի 1-ը շատ երկրներում նշվում է որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Այսօրվա տոնի առիթով Երևանում տարբեր արհեստակցական կազմակերպություններ երթեր են անց կացնում և շրջում են մայրաքաղաքի տարբեր փողոցներով:
Մասնակիցները պահանջում են արժանապատիվ աշխատանք և աշխատավարձ և նշում, որ երկրի տնտեսության զարգացման միակ ճանապարհը դա է: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին էին երթ կազմակերպել, որին մասնակցում են տարբեր կազմակերպությունների արհմիությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով իրենց դերը աշխատավորների իրավունքների պաշտպանության գործում մասնակիցները նշում են, որ ակախ արհեստակցական կազմակերպությունները ողջ աշխարհում կանգնած են աշխատավորների կողքին և օգնում են, որ գործատուները նրանց իրավունքները չոտնահարեն:
«Մենք դուրս ենք եկել փողոց, որպեսզի կառավարությանն օգնենք աշխատանքային օրենսգիրք ունենալ, որը կօգնի պաշտպանել աշխատավորների իրավունքները: Մենք պահանջում ենք նաև արժամանապատիվ վարձատրություն: Չպետք է խախտվեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների աշխատողների իրավուքնենրը»,- ասացին երթի մասնակիցները:
Արդարություն, համերաշխություն և միասնություն վանկարկելով նրանք շարունակում են իրենց երթը, որին միանում են նաև տարբեր մարզերից ժամանած խմբերը:
Արմինե Գրիգորյան