Մամուլի գործառույթներից մեկը հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է
Блог«Երևանի» մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն օրերս մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին, որի ընթացքում կարևորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմքն է:
«Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության և իրավունքի: Խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձևերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է: 2018թ հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Անդրադարձա նաև ազատ խոսքի դրսևորումներին՝ նշելով, որ այն կարող է նաև ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսևորումներից մեկը պետք է լինի, թեև մեզանում շատ հաճախ բացառիկ դրսևորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն:
Ամփոփելով խոսքս՝ ընդգծեցի, որ մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը և ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը»,- գրել է Բ. Նավասարդյանը: