Այս պահին Ռոբերտ Քոչարյանի հասանելի եկամուտը միայն թոշակն է
ՔաղաքականOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքը և բանկային հաշիվները կալանքի տակ են: Սկզբնական շրջանում կալանք է դրված եղել նաև նրա անվանական թոշակի վրա, բայց հետագայում այն հանվել է: Այսինքն՝ այս պահին հասանելի եկամուտը միայն Քոչարյանի թոշակն է:
Այս մասին այսօր տեղեկացրել է Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և հավելել, որ պաշտպանական կողմը դատարան է դիմել պահանջով, որ ոչ իրավաչափ ճանաչվեն մեղադրող դատախազի գործողությունները, որով պայմանավորված խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:
Հ.Խուդոյանը տեղեկացրել է նաև, որ Քոչարյանին պատկանող տան խուզարկության ժամանակ առգրավվել է նաև երկրորդ նախագահին պատկանող օրինական զենքեր, համակարգիչ և կրիչներ:
Հիշեցնենք, որ գույքի վրա կիրառված կալանքի մասին օրեր առաջ խոսել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշել էր, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մի քանի հարցեր արդեն իսկ լուծվել են: Մասնավորապես՝ էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը և այլն։
«Կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաև մեր միջամտությամբ դա հանվեց»,- ասել էր Մարդու իրավունքների պաշտպանը։
Ա. Թաթյանը ևս մեկ անգամ ընդգծել էր նաև, որ կարևոր է անմեղության կանխավարկածը պահպանելու սկզբունքը չխախտել, քանի որ այն շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես պետության կողմից առաջ քաշած շատ հարցեր լուծելու համար։
Արմինե Գրիգորյան