Քաղաքապետարանում օգնականի օգնականներ կան. ինչու են բարձրացվում աշխատավարձերը
Политика«Մենք շատ դրական ենք վերաբերվում աշխատավարձերի բարձրացմանը, բայց դա պիտի լիներ օպտիմալացումների արդյունքում»: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով։
Անի Խաչատրյանի խոսքով՝ նախկինի համեմատ հաստիքացուցակն այժմ ավելի ուռճացված է:
Հարցին, թե արդյոք քաղաքապտարանի 1700 աշխատակից ունենալն արդարացվա՞ծ է և արդյոք նրանք «Հավելյալ արժեք» ներկայացնող աշխատակիցներ են, ավագանու անդամը պատասխանեց. «Ի տարբերություն նախարարությունների, քաղաքապետարանում ոչ մի օպտիմալացում չի եղել: Մենք միշտ ասում էինք, որ աշխատավարձերը պետք է բարձրանան, բայց դա պիտի լիներ օպտիմալացումների հաշվին, ոչ թե՝ հաստիքացուցակն ավելի ուռճացնելով։ Քաղաքապետարանում ավելացումներ են եղել, բայց օպտիմալացումներ չեն եղել, այդպիսով քաղաքապետարանը դառնում է աշխատավարձ վճարող կառույց և վե՛րջ։ Երբ մենք անցնում էինք վարչական շրջաններով, տեսնում էինք՝ կան հաստիքներ, որոնք ուղղակի գրված են և չեն աշխատում։ Հիմա զարմանում եմ, որ վարչական շրջանների նոր ղեկավարներն այդ մասին չեն ասում։ Իրականում՝ օպտիմալացման կարիք շատ կա, որովհետև, ըստ հաստիքների, կան օգնականի օգնականներ։ Մենք նաև 4 փոխքաղաքապետն ենք շատ համարում, որովհետև փոխքաղաքապետերի աշխատանքը գնահատելով՝ հստակ կարող եմ ասել, որ կարող են լինել ընդամենը երկուսը»- ասաց Անի Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վերջերս մամուլից իմացել են, որ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պիտի զբաղվի կոմունալ գծով, որը փոխքաղաքապետի լիազորություններից է։ Անի Խաչատրյանն ասաց, թե քաղաքապետարանից նաև ասում են, որ հիմնադրամները կրճատելու հաշվին են կարող աշխատավարձեր բարձրացնել, բայց կրճատվել է ընդամենը երկու հիմնադրամ և ավելի է ընդարձակվել հաստիքացուցակը:
«Եթե հիշում եք, առաջին անգամ երբ եկավ հաստիքացուցակը, քաղաքապետն ասաց, որ երեք ամսվա ընթացքում օպտիմալացումներ կլինեն, բայց այդ երեք ամիսը վաղուց անցել է և մինչ օրս ոչ մի օպտիմալացում մենք չենք տեսել»,- ասաց Անի Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց խմբակցությունով առաջիկայում կունենան հանձնաժողովի նիստ և կքննարկեն քաղաքապետարանի նախագիծը։
Ամփոփելով իր խոսքը՝ «Լույս» դաշինքի ավագանու անդամը նշեց, որ թեև դրական են գնահատում աշխատավարձերի բարձրացումը, բայց, քանի որ հաստիքացուցակն ավելացել է, ամենայն հավանականությամբ, նախագծին կքվեարկեն կա՛մ ձեռնպահ, կա՛մ դեմ, իսկ, երբ օպտիմալացման արդյունքում լինի աշխատավարձերի բարձրացումը, իրենք կողմ կլինեն։