Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատել է հեմոդիալիզի գործով անցնող Սամվել Ադյանին
PoliticsԱպրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը:
Նրա խոսքով՝ որոշումը դեռևս ապրիլի 25-ին է կայացվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի կողմից՝ ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ դատախազության 2019 թվականի ապրիլի 25-ի գրությունը։
Համաձայն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի՝ դատախազն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Սամվել Ադյանը ցուցմունք է տվել Դավիթ Սանասարյանի դեմ և դրա դիմաց ազատ արձակվել կալանքից։
Հիշեցնենք, որ բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաներ։ Գործը ընթացքի մեջ է։