Վանեցյանն էլ չգիտի՞
ՔաղաքականԱյսօր, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսի ժամանակ հնչեցրած աղմկահարույց տեղեկությանն ասել է.
«Այդ հարցի շուրջ որևէ պատասխան տալ չեմ կարող: Ընթանում է ծառայողական քննություն»:
Խոսքն այն մասին է, որ, փաստորեն, իշխանափոխությունից առաջ ԱԱԾ-ում ոչնչացվել կամ կորել են կարևոր փաստաթղթեր, բայց թե դրանք ում թեթև ձեռքով են ոչնչացվել, այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ: ՀՀ վարչապետն այս առիթով ասուլիսի ժամանակ նշել էր, որ նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է:
«Իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նույն օրը՝ ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, թեմայի վերաբերյալ հարց հնչեցրեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»,- ասել էր պարգամավորը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը.
«Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:
Արմինե Գրիգորյան