Մարտի 1-ին ոստիկանական զորքերի 60 ծառայող է վիրավորվել, որի մասին բոլորը լռում են
Politics«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Կորյուն Գրիգորյանը, օրերս անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, նշել էր, որ թեև զոհերի թիվը 10 է եղել, բայց նաև ոստիկանական զորքերի 60 ծառայող է վիրավորվել, ինչի մասին բոլորը մոռացել են:
Ու, չնայած, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախկինում մարտի 1-ի զոհերի և վիրավորների մասին զեկույցում նշել է այդ մասին, սակայն այսօր, չգիտես ինչու, լռում է:
«Ոստիկանական զորքերի մասին բոլոը կարծես մոռացել են: Եվ եթե ասվածին համադրենք համացանցում եղած նյութերը, որտեղ երևում է, որ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետում ոստիկանական զորքերի վրա, ապա պարզ կդառնա, որ այդ ամենից հետո, իմ կարծիքով, ուժի կիրառման մասին խոսելն աբսուրդ կարելի է համարել: Այդ է պատճառը, որ ես պնդում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին լինելով երկրի առաջին դեմք շատ լավ էր պատկերացնում, որ եթե քաղաքում «ռազգրոմ» տեղի ունենա, ապա պարզ է, որ ուժային կառույցները չեն կարողանալու հանգիստ նստել և նայել այդ ամենին: Եվ բնական է, որ նման դեպքերում ուժի կիրառում պետք է տեղի ունենար, որն էլ հենց տեղի է ունեցել»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը լավ գիտեր, որ եթե ցուցարարների կողմից նման հարձակումներ լինեն, ապա ոստիկանական ուժերը ստիպված են լինելու ուժ կիրառել, իսկ այդ ժամանակ զոհեր նույնպես կարող էին լինել: Եվ իրականում այդպես էլ եղել է, և Տեր-Պետրոսյանի հաշվարկն իրականություն է դարձել:
«Հարցն այն է, որ երբ մարտի 1-ից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը չեկավ և ժողովրդի կողքին չկանգնեց, այդ ժամանակ արդեն ես, լինելով ցույցի կազմակերպիչների կողքին նույն հարթակում կանգնած, նույնպես այնպիսի տպավորություն ստացա, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ, մաքուր չէր, այլ խաղային մի իրավիճակ էր, որը հետագայում փաստվեց ոչ միայն Տեր-Պետրոսյան-Ալեքսանդր Արզումանյան ձայնագրությունը տարածվելուց հետո, այլև Տեր-Պետրոսյանի կողմից ընտրած հարթակի՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ:
Հիշենցնենք, որ համաձայն ՄԻԵԴ որոշման, Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու համար որևէ խոչընդոտ իրականում չի եղել: Կարծում եմ միջազգային այս ատյանի անաչառության վրա որևէ մեկը չի կարող կասկածել: Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահը, ժողովրդի կողքին կանգնելու հնարավորություն ունենալով հանդերձ, թույլ է տվել, որ նման իրավիճակ ստեղծվի, դուրս գա վերահսկողությունից և վերածվի արյունահեղության»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Զեյնալյանի զեկույցին, որի նպատակը տուժածների և զոհվածների ընտնաիքներին աջակցություն ցուցաբերելն էր, այստեղ նույնպես, ըստ Գրիգորյանի, կան անհասկանալի մոտեցումներ, ինչը կրկին հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները, չգիտես ինչու, չեն հնչեցվում:
«Ասվում էր, որ զոհվածների հարազատները դիմել էին, որպեսզի ոստիկանական զորքերի զոհված կամ վիրավոր ծառայակիցների ընտանիքներին օգնություն չտրամադվի: Սա ևս աբսուրդ է: Ստացվում է, մեր հասարակության մեջ վիրավորանքը, թշնամանքը, սևի ու սպիտակի բաժանվելը շարունակվում է օրակարգային հարց մնալ, ինչին մենք դեմ ենք:
Չէ՞ որ ոստիկանական զորքերը չէին եկել մարդ սպանելու, այլ եկել էին առաջին հերթին իրենց ծառայողական պարտքը կատարելու: Եվ ստացվում է, որ այս կեղտոտ մեծ քաղաքական խաղի մեջ, ցավոք սրտի, հասարակ, անմեղ քաղաքացիներն օգտագործելուց բացի, մյուս կողմից էլ սովորական ծառայողին ու քաղաքացուն իրար դեմ հանեցին, որն ուղղակի ստորություն կարելի է համարել»,- ասաց Կ. Գրիգորյանը:
Արմինե Գրիգորյան