Երբ «սպիտակը» ավելի «սև» է դառնում. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել է. «Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։ Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։ Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։ Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիներն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել»:
Սա այն դեպքերից է, երբ հարյուր տոկոսով համերաշխ եմ Դավիթ Սանասարյանի արտահայտած տեսակետի հետ, ուղղակի ցավալի է, որ Սանասարյանն այս մասին բարձրաձայնում է այն բանից հետո միայն, երբ իր դեմ քրեական գործ հարուցվեց ու ժամանակավորապես դադարեցվեցին նրա լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում։
յնուամենայնիվ, գնահատականը միանգամայն դիպուկ է ու հստակ նկարագրում է այն գաղջ իրականությունը, որում ապրում է Հայաստանը։ Ցավն այն է, որ հեղափոխությունն իր սկզբունքները կորցրեց դեռ հաղթանակի արշալույսին, երբ նախկին կառավարող կուսակցությունից խրախուսեց «առնետավազքը» ու «դասալիքներից» շատերին դարձրեց իր բանակի «զինվորներ»։ Այս երևույթն ինքնին վտանգավոր է քաղաքական մշակույթի համար, որովհետև սկզբունքները, դիրքորոշումներն ու արժեքները ստորադասում է պատեհապաշտությանը։ Իրականում «փախստականների» հեռանալուց հետո տուժել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ առաջին հերթին նրանց «զինվորագրած» հեղափոխական թիմը, որովհետև ակնհայտ է՝ եթե մարդը հանուն պաշտոնի դավաճանել է Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, ապա վաղը, պատեհ առիթի կամ քաղաքական նոր իրավիճակի դեպքում, դառնալու է հեղափոխության թիմի գերեզմանափորը։
Իշխանությունը պետք է առաջին հերթին վախենար ու զգուշանար այս պատեհապաշտներից, որովհետև նրանք են անսկզբունքայնության ու անորակ կառավարման հիմնական կրողները։ Հենց այս տեսակը պետք է լիներ հեղափոխության հիմնական թիրախը ու ոչ թե այն գործիչները, որոնք հասարակության մի զգալի շերտի բացահայտ ատելության պայմաններում անգամ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին՝ մնալով ՀՀԿ-ում կամ Քոչարյանի ճամբարում։ Իրականում՝ «սև»-ը ոչ թե այս մարդիկ են, այլ այն պատեհապաշտները, որոնք պահի տակ «հարմարեցրեցին» դառնալ «հավատավոր» «նիկոլականներ» կամ «քայլողներ»: Մյուս խմբում նրանք են, որոնք (կամ իրենց մերձավոր հարազատները) մի պուճուրիկ պաշտոն ստացան ու այդ օրից հանկարծ դարձան Նիկոլից ավելի «նիկոլական»: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը բանական մարդիկ, հեղափոխական էյֆորիայի բարդույթից ձերբազատված քաղաքացիները գիտեին անգամ հեղափոխության պիկին։ Սա ճշմարտություն է, որը հասու է դառնում նաև Նիկոլ Փաշինյանի թիմի այն գործիչներին, որոնք աստիճանաբար դուրս են մղվում իշխանությունում հետևողականորեն եղանակ ստեղծող պատեհապաշտների բանակի կողմից։
Եթե այս ճշմարտությունը մի օր հրապարակավ խոստովանվի նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա մենք կարող ենք համարձակորեն խոսել այն մասին, որ Հայաստանում վերջապես ձևավորվել է ռացիոնալ իշխանություն, որը հեղափոխական հռետորաբանությունը փոխարինել է պետական օրակարգով, խոստովանել է «սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզի սնանկությունը ու իրական նախադրյալներ է ստեղծել քաղաքական մրցակցային միջավայրի ձևավորման համար՝ լուսանցք մղելով «հեղափոխական» կամ «հակահեղափոխական» պատեհապաշտներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում