Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին
ՔաղաքականՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ:
Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համարփոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ կոնվենցիաների կնքման միջոցով Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը:
Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, եւս 15-ը գտնվում են գործընթացում: