Առողջապահության նախարարությունը «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություն է առաջարկում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակել է մի նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» մասին օրենքով սահմանված եզրակացություն ստանալու համար գանձել տարեկան բազային տուրքի վեցապատիկի չափով պետտուրք»:
Իսկ ի՞նչ է բազային տուրքը: Նախ նշենք, որ օրենքի համաձայն՝ պետտուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը: Պետտուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն, 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծից:
Պարզաբանվում է նաև, թե ինչու է առաջարկվում լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Մասնավորապես. ««Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, տարանջատվել են ոլորտի լիազոր մարմնի՝ առողջապահության նախարարության և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Արդյունքում մշակվել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվել է սահմանել հետևյալը. սանիտարահամաճարակային փորձաքննությունն իրականացնելու են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունները: Միևնույն ժամանակ՝ համապատասխան եզրակացությունը տրամադրելու է առողջապահության նախարարությունը, և դրա դիմաց նախատեսվող վճարը պետք է սահմանվի որպես պետական տուրք»:
Նշենք, որ պետտուրքը օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության անվտանգության ապահովման ոլորտում եզրակացությունների տրամադրման ընթացակարգը: Նշվում է նաև, որ այս նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա, իսկ օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։
Ուսումնասիրեցինք 1997 թվականին ընդունված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, սակայն նկատեցինք, որ մինչև այժմ նման պետտուրք չի գանձվել, ամեն դեպքում, այդ փաստն ամրագրված չէ օրենքում: Պարզաբանումներ ստանալու համար, թե մինչ այս նախագծի մշակումը եզրակացություն տալու համար առողջապահության նախարարությունը կամ էլ նրան կից որևէ կառույց վճար գանձե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև հասկանալու, թե ինչ հետևանքներ է ունենալու այս փոփոխությունը, զանգահարեցինք առողջապահության նախարարություն, որտեղից խոստացան ավելի ուշ հարցի հետ կապված մեկնաբանություն տրամադրել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում