Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել
ՀասարակությունՊարզվում է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում ամեն ինչ հին օրերն են հիշեցնում: Տպավորությունն այնպիսին է, որ հեղափոխությունը կա՛մ այնտեղ չի հասել, կա՛մ էլ այնքան արագ է նրանց կողքով անցել, որ աշխատակիցները չեն հասցրել հասկանալ, որ երկրում իրավիճակ է փոխվել և հարկավոր է ոչ թե սեփական գրպանի մասին մտածել, այլև սպառողների շահերի:
Orer.am-ի ուշադրությունը գրավեց մեր գործընկեր Սոնա Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ գրված էր, թե ինչպես են այս օրերին շարունակում աշխատել ընկերությունում:
«Գազպրոմի մասին... Հաշվիչս մի քանի օր չէր աշխատել, տարան լաբորատորիա: Հետո, թե բա՝ 6500 դրամ մուծեք չաշխատած օրերի համար: Բողոքարկեցինք: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 6500-ը դարձավ 1940: Հիմա հարց՝ քանի քաղաքացու են էսպես թալանում…»:
Ստացվում է, որ ընկերությունը շարունակում է սպառողներին մոլորեցնելով գումար պոկել: Եվ եթե ստացվի, այսինքն՝ սպառողն իր իրավունքները չիմանա, գործը հաջողությամբ գլուխ կգա, իսկ եթե ոչ՝ զիջումների գնան ու պահանջվող գումարը մոտ երեք անգամ կնվազեցնեն:
Սա մասնավոր, այն էլ մենաշնորհային դիրք գրավող ընկերությունների աշխատաոճն է եղել երկար տարիներ, բայց նոր իրողությունների պայմաններում նման մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև բավական խոտելի:
Թվում էր, թե այս ընթացքում նրանց վարքագծում ինչ-որ բան կփոխվի, բայց պարզվում է, ոչինչ էլ չի փոխվել: Եվ ցավալին այն է, որ այս մասնավոր գիգանտ ընկերությունը կշարունակի այնքան ժամանակ սպառողների հետ նման կերպ վարվել, քանի դեռ իշխանություններն ընկերության հանդեպ կոշտ միջոցներ չեն կիրառի:
Բայց հետաքրքիր է, որ պետական պատկան մարմիններն էլ առանձնապես չեն շտապում նման երևույթները հասարակական քննարկման առարկա դարձնել, իսկ թե հիմա՞ ինչու են կաշկանդված և ինչո՞ւ են շարունակում լռել, պետք է ոչ թե ժողովուրդը գուշակի, այլ իշխանությունները պարզեն:
Արմինե Գրիգորյան