Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան
Հասարակություն«Առավոտյան եմ տեսակցել պարոն Գրիգորյանին: Արհեստական շնչառության ապարատին ու թթվածնի բալոններին է միացված, անընդհատ թթվածնի պակաս է ունենում, անոթների հետ կապված խնդիր ունի: Տեղաշարժման խնդիրն է բարդացել: Չենք կարող ասել, թե վիճակը ծայրահեղ ծանր է, բայց բացասական հետևանքներն իրենց մասին զգացնել են տալիս»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։
Նա նշեց, որ բազմաթիվ հիվանդություններ ունեցող Գրիգորյանին խնամք էր անհրաժեշտ, հատկապես, որ վերջույթների հետ խնդիրներ են առաջացել, ուստի լուծվել է նաև խնամակալի հարցը, հիվանդանոցում նրան խնամում է որդիներից մեկը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի դատական գործին և դրա վերաբերյալ ակնկալիքներին, փաստաբանն ասաց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանին դրական է վերաբերվում՝ որպես պրոֆեսիոնալ դատավորի. «Եթե նախկինում խափանման միջոցները քննող դատավորների մասին բացասական կարծիքներ եմ հայտնել՝ դա ամենևին պայմանավորված չի եղել նրանց կայացրած բացասական ակտերով, պայմանավորված է եղել օբյեկտիվ, անաչառ դիտարկումների արդյունքում: Իսկ գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է և կարծում եմ՝ գործի բազմակողմանի, լրիվ քննությունն ապահովված կլինի, իսկ օբյեկտիվության առումով՝ հույսեր եմ կապում»,- նշեց Մկրտչյանը:
Նշենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր էր տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ՝ անվասայլակով։ Դատարանում էին նաև բժիշկները, քանի որ Գրիգորյանի ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։