«Նպատակ և հնարավորություն ունեցող մարդկանց պետք է քաջալերել, որ Հայաստանի մարզերում ներդրումներ կատարեն». «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Այնճարը Լիբանանի հայաբնակ համայնքներից է: 1939-ի վերջին Մուսա լեռան ավելի քան 6-հազարանոց հայ համայնքը տեղափոխվել է Լիբանան և հիմնել այս բնակավայրը: 1946-48 թվականների հայրենադարձության օրերին շուրջ 548 ընտանիք ներգաղթել է Հայաստան, 468 ընտանիք՝ մնացել Լիբանանում:
Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանն ասում է՝ հայրենիքից հեռու ապրելով կարողանում են պահպանել հայկականությունը, իրենց ստացած ժառանգությունը փոխանցել սերունդներին, երեխաներին էլ հայկական դաստիարակություն տալ:
«Քաղաքապետարանի խորհրդի 15 անդամները հայ են, ոստիկանության ներկայացուցիչները հայ են, մաքրությամբ զբաղվողները և պարտեզները մշակողները նույնպես հայեր են: Այնճար հայավանը, ինչպես մենք ենք անվանում այն, Լիբանանի ամենագեղեցիկ և մաքուր գյուղն է: 100 տոկոսով կարողանում ենք հայկականությունը պահպանել: Ունենք երեք՝ Սուրբ Պողոս, Սուրբ Աստվածածին և Հայ ավետարանական եկեղեցիները: Գործում է հայկական երեք վարժարան, որտեղ սովորում են բացառապես հայ երեխաներ, որովհետև Այնճարում բոլորն անխտիր հայեր են, այլազգիներ չկան: Այնճարը փոքր Հայաստան է», - «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքապետը:
Խոշյանը նշում է՝ իրենց համար կարևոր է, որ Այնճարում բնակվող երեխաներն ուսանեն հենց Հայաստանում: «Այսօր շուրջ 20 այնճարցի երիտասարդ սովորում է Հայաստանում: Շատ ունենք բժիշկներ, ինժեներներ և այլ մասնագետներ, որոնք եկել են, Հայաստանում ուսանել և վերադարձել Լիբանան:
Մեզ համար կարևոր է, որ երիտասարդները ուսանեն Հայաստանում, քանի որ այդ դեպքում վերադառնում են Այնճար, իսկ եթե մեկնում են Միացյալ Նահանգներ և այլ երկրներ, սովորաբար չեն վերադառնում: Մեր նպատակն այն է, որ մեր զավակները կա՛մ Հայաստանին ծառայեն, կա՛մ սփյուռքի մեր Հայաստանին, որն Այնճարն է», նշում է մեր զրուցակիցը:
Հետաքրքրվում ենք՝ քաղաքապետը հաճախակի՞ է լինում Հայաստանում: «Հայաստանում ինձ հարազատ եմ զգում: Հաճախ եմ գալիս հայրենիք և առաջին անգամ չէ, որ Տավուշում եմ:
Տավուշի ներդրումային համաժողովին մասնակցում է Լիբանանի Բեքքայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդը: Ցանկանում ենք Բեքքան և Տավուշը քույր նահանգներ հռչակել, կատարում ենք դրա նախաքայլը: Պետք է քաջալերենք Բեքքայում բնակվող մարդկանց, որոնք Հայաստանում ներդրում կատարելու նպատակ և հնարավորություն ունեն, առաջին քայլն անելու և մարզերում հողամշակման և անասնաբուծության մեջ ներդրումներ կատարելու համար», - ընդգծում է Այնճար հայավանի քաղաքապետը:
Խոշյանը հավելում է, որ դեռևս անցած տարի Այնճարը և Արցախի Կովսականը հռչակվել են քույր քաղաքներ: «Քույր քաղաք դառնալը ենթադրում է համագործակցություն, որը փուլերով կլինի: Նախ՝ մարդկային ներուժի, ռեսուրսների փոխանակում, հետո կլինեն փոխադարձ հյուրընկալություններ: Մտադրություն ունենք այս ամռանը Կովսականից դպրոցական երեխաների հյուրընկալել Այնճարում՝ հայկական ընտանիքներում, իսկ սեպտեմբերին Այնճարից երեխաներին և ուսուցիչներին բերել Հայաստան: Ցանկանում ենք, որ երեխաները փոխադարձաբար ծանոթանան երկու բնակավայրերին, շփվեն իրենց հասակակիցների հետ», - ասում է Խոշյանը:
Այնճարի քաղաքապետը նշում է, որ անցած տարի լիբանանցի գործարարների խմբով էր եկել Տավուշ:
«Գործարարները ցանկացան հարցին լրջությամբ մոտենալ և նախնական քայլեր կատարեցին՝ Տավուշում հող գնեցին: «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին արդեն 5 տարի է՝ Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրումային ծրագրեր է իրականացնում: Նա այժմ Տավուշում է, ցանկանում է ներդրումների ծավալը մեծացնել: Ի դեպ, Ֆասալին, ում կինն ու զավակները հայ են, Տավուշի մարզում մեծագույն ներդրումը՝ հողատարածքի մասով, արդեն կատարել է: Ամենամեծ տարածքով հողը նրան է պատկանում: Այս կերպ նա նաև քաջալերում է ուրիշներին», - եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում