Իրավունքը էլիտար կիրառման առարկա չի կարող դառնալ. ՀՀ վարչապետ
ՔաղաքականԵրկար տարիներ հասարակությունը Դատախազությանն ընկալել է որպես պետական պաշտոնյաների կամայական ցանկությունները սպասարկող ինստիտուտ, որը սակայն, նոր Հայաստանում չի կարող հանդուրժելի լինել:
Դատախազի օրվան նվիրված 101-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով ներկաներին նշեց, որ այսուհետ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը չի կարող հանդուրժելի լինել նոր Հայաստանում և այս մոտեցումը միանշանակ պետք փոխվի:
««Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն այլևս պետք է դառնա թանգարանային բանահյուսական արտահայտություն, և այն չի կարող որևէ աղերս ունենալ մեր այսօրվա իրականության հետ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին, ինչպես յուրաքանչյուր կայացած ընտանիքում է: Դատախազի աշխատանքը չափազանց կարևոր առաքելություն է, որի իրականացման համար դատախազությունն ունի առաջնորդողի դեր: Եվ անկախ քաղաքացիների ծագումից, սոցիալական դիրքից և ապրելու վայրից պետք է յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ դատախազի ուսադիրները կրողները անմնացորդ ծառայում են այս գաղափարին»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հանցագործը պետք է ստանա իր հասանելիք պատիժը, հանցագործի տեղը բանտում է, իսկ ազատության մեջ հայտնվելու պայմանը պետք է լինի այն երաշխիքը, որ նրա գործողություններն այլևս չի կարող սպառնալիք դառնալ հասարակության համար: Անցյալի առջև կարմիր լույս պետք է վառել, իսկ ապագայի առջև՝ կանաչ լույս, և այն պետք է լինի այսօրվա դատախազության աշխատանքի հրամայականը, նշեց վարչապետը: