ՍԴ-ն՝ հեղափոխականության և իրավունքի արանքում. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանն օրերս ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ «անդամներին ու դատավորին» ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Ուրբաթ ուշ երեկոյան վերջապես հրապարակայնացվեց այդ նամակը, որը պատասխաններ է տալիս բազմաթիվ հարցերի, սակայն առաջանում են նորերը։
Ինչքան էլ բազմաթիվ իրավաբաններ նշում են, որ ՍԴ-ում ճգնաժամ գոյություն չունի ու Բարձր դատարանը կարող է շարունակել իր բնականոն գործունեությունը, ակնհայտ է, որ սահմանադրական կարգավորումներն առնվազն տարընթերցումների տեղիք են տալիս ու իրավիճակը պարզաբանման անհրաժեշտություն ունի։ Մյուս կողմից՝ պարզ է, որ այս պարագայում Վահե Գրիգորյանը ոչ այնքան մասնավոր դիրքորոշումներ է արտահայտում, որքան, ըստ ամենայնի, ներկայացնում է քաղաքական իշխանության մտադրությունները։
Ինչևէ, ՍԴ նորընտիր անդամն իր նամակում իրավիճակի հաղթահարման, ըստ էության, երեք ճանապարհ է առաջարկում։
Առաջին ճանապարհը պայմանականորեն կարող ենք համարել մոլդովական նախադեպ։ Մոլդովայում տակավին վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՍԴ բոլոր անդամները հրաժարական տվեցին՝ համարելով, որ իրենց լեգիտիմությունն այլևս խոցելի է։ Մոտավորապես նման տարբերակ գործեց նաև Հայաստանի ԲԴԽ-ի պարագայում, ու հեղափոխության թիմը շուտով կկարողանա վերահսկողություն հաստատել դատական համակարգի նկատմամբ՝ ԲԴԽ նոր կազմը դարձնելով վեթթինգի գլխավոր գործիք։
Խնդիրն այն է, սակայն, որ ՍԴ անդամները հակված չեն մոլդովական տարբերակին, ինչի մասին փաստեցին միացյալ հայտարարությամբ, ըստ էության, հակադրվելով Վահե Գրիգորյանին։
Երկրորդ տարբերակն այն է, որ իշխանությունը քաղաքական լուծումների գնա, ու միակողմանի կարգով նշանակվեն ՍԴ յոթ նոր դատավորներ։ Այս տարբերակի իրագործման համար սահմանադրական կարգավորումներ գուցե գտնվեն, սակայն ակնհայտ է, որ դրա հետևանքով ՍԴ բարեփոխման գործընթացը կարող է կորցնել լեգիտիմությունը, եթե իրավական փաստարկները խոցելի լինեն կամ գործընթացը զուրկ լինի քաղաքական ընդգրկուն համախոհության բաղադրիչից։ ԲԴԽ անդամների համալրման գործընթացը ցույց տվեց, որ իշխանությունը հակված է սուբյեկտիվ լուծումների ու գնում է ոչ թե քաղաքական համախոհության, այլ դատական համակարգը սեփական տոտալ վերահսկողության տակ առնելու ճանապարհով։ Սա վտանգավոր ճանապարհ է, որը կարող է ականապատել դատական ռեֆորմը։
Իհարկե, կա նաև երրորդ ճանապարհ, որին հակված է իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը. սա հանգում է ՍԴ-ում ստատուս-քվոյի պահպանմանը։ Անկեղծորեն՝ այս տարբերակի հավանականությունը շատ փոքր եմ համարում՝ դատելով հենց իշխանության պատգամավորների հարցազրույցներից ու ելույթներից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ այժմ կառավարության հերթն է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, ընդ որում՝ կառավարությունն իրավունք ունի առաջադրել 3 թեկնածու, որի դեպքում ՍԴ-ում քվորում ապահովելու նվազագույն քանակը` 5 դատավոր, կլրանա, և ՍԴ-ն կկարողանա գործել: «Իրավական նորմի կիրառումը և մեկնաբանությունները գտնվում են կառավարության ձեռքում:
Այսինքն՝ ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՍԴ անդամները, ո՛չ դատավորները, որևէ մեկը չի կարող կաշկանդող սուբյեկտ հանդիսանալ կառավարությանը՝ առաջադրելու այդ թեկնածուներին: Կառավարությունն առաջադրում է 3 թեկնածու, նշանակման որոշումը կայացվում է ԱԺ կողմից»,- ասել է նա՝ հավելելով, թե կառավարությունն ինչպիսի՞ ընթացակարգով կգնա, դա կառավարության որոշելիք խնդիրն է:
Այնպիսի տպավորություն ունեմ, որ համախոհությամբ խնդիրները լուծելու փոխարեն՝ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ փորձում են ավելի խորացնել ճգնաժամը՝ Նիկոլ Փաշինյանին դրդելով միակողմանի լուծումների, որոնք ամենևին էլ լեգիտիմ չեն լինելու քաղաքական և իրավական տեսանկյունից։ Այս դեպքում, Սերժ Սարգսյանի իշխանության հավերժության խորհրդանիշ ՍԴ-ի փոխարեն կարող ենք ստանալ նոր ՍԴ, որը կմարմնավորի հեղափոխական «բեսպրեդելը» կամ սաղմնավորվող հեղափոխական ավտորիտարիզմը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում