Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած մասնագետների առաջին խմբին (տեսանյութ)
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին:
Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելություն իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց՝ առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ այդ առաքելության ամենակարևոր և թերևս միակ բովանդակային կողմը դա մարդասիրական առաքելությունն է»,-նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս առաքելությունը նույնիսկ պատմական է համարում, որովհետև այն մեր ազգային հարգանքի, տուրքի մատուցումն է Սիրիայի ժողովրդին, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին ապաստան են տվել:
«Կարծում եմ, որ այս պատկերը շատ կոնկրետ արտահայտում է այն մեծ բարոյական և պատմական առաքելությունը, որ դուք և ձեր դեմքով և նաև մեր այս պահին այնտեղ գտնվող առաքելության ներկայացուցիչների տեսքով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը ներկայացրել է առաքելության ընթացքում արձանագրված արդյունքը՝ թվերով. այս ընթացքում, հայաստանյան առաքելության կողմից ականազերծվել է, մասնավորապես, 27 հազար 510 քմ տարածք, վիրաբուժական օգնություն է ցուցաբերվել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 626 քաղաքացու, իրականացվել է 1067 կլինիկա-լաբորատոր հետազոտություն:
«Սրանք իսկապես թվեր են, որոնց արժեքն առաջին հերթին գիտեն այս թվերի հետևում կանգնած մարդիկ, այն մարդիկ, ում կյանքի որակը որոշակի փոփոխություն է կրել այդ առաքելության կատարման ընթացքում: Իհարկե, մեր առաքելության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հալեպի մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը, նաև Հալեպի հայկական մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը: Սա նաև խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, տեր է հայ ժողովրդի թողած մշակութային ժառանգությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա տարածքից դուրս»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է նաև, որ շատ բարձր է գնահատում այն աջակցությունը, որ այս առաքելության իրականացման ընթացքում ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը: