Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման մեծ ծավալը կարող է հանգեցնել դեֆիցիտի. Բաբկեն Թունյան
ПолитикаՀայաստանից արտահանվում է մեծ ծավալի մետաղի ջարդոն, քանի որ միայն 2012-ին արտահանվել է 150-200 հազար տոննա։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 8-ին ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Թունյանը տեղեկացրեց նաեւ, որ 2012-ին որպես Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք սահմանվել էր 80 դրամ մեկ կիլոգրամի համար։ «Դրա արդյունքում արտահանման ծավալները 2013-ին գրեթե զրոյացվեցին։ Սակայն, դրա փոխարեն, տեղերում հիմնադրվեց մի քանի արտադրություն, որոնք արտադրում էին այդ ամենից մետաղական ամրաններ եւ այլն»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ գործող օրենքով գոյություն ունի մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք, բացի այն դեպքերից, երբ այդ մետաղական ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է։
Դրա արդյունքում, ըստ Թունյանի, մի քանի կազմակերպություններ ստացել են մետաղի ջարդոնի մշակման վկայականներ։ «Այդ ամենի արդյունքում Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումն ավելացել է, ինչը կարող է հանգեցնել երկրում մետաղի ջարդոնի դեֆիցիտի, ինչն, իր հերթին, կարող է առաջ բերել մեծ խնդիրներ»,- ընդգծել է խորհրդարանականը՝ ավելացնելով, որ հիմա ցանկանում են փոքրացնել մետաղի ջարդոնի արտահանման պետտուրքի չափը ՝ այն 80-ից հասցնելով 60 դրամի մեկ կիլոգրամի դիմաց։
Նշենք, որ բավական երկար բանակռիվներից հետո օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։